Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված եղբայր կամ ծնող ունեցողը ազատվելու է բանակից. Հայկ Սարգսյանի նոր ուշագրավ նախագիծը

Փետրվար 23,2022 16:00

Այսօր ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու իր նախագիծը:

Նա առաջարկում է ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր ունեցող անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Գործող օրենքով, եթե եղբայրդ զոհվել է, պարտադիր զորակոչում են բանակ եւ ազատում միայն այն դեպքում, եթե ընտանիքի միակ արու զավակն ես մնացել:

Հայկ Սարգսյանն ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ այցելել է զոհվածների հարազատներին, մեկ-երկու ընտանիքներում պատգամավորին փոխանցել են, որ չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն էլ ուղարկել ծառայության, հոգեբանական բարդույթ ունեն: Օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ ծնողները կորցրել են մի որդուն, մյուսը մասնակցել է, հրաշքով ողջ է մնացել, հիմա երրորդ որդուն են տանում ծառայության: Զոհվածի մայրը փոխանցել է, որ եթե երկու տղաներս զոհված լինեին, երրորդին չէին զորակոչելու, բայց քանի որ մեկը հրաշքով ողջ է մնացել, մյուսին տանո՞ւմ եք, դրանից իմ ցավը չի մեղմանում:

Զոհվածի ծնողների այս բողոքը պատգամավորը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ, արդյունքում՝ ՊՆ-ի հետ քննարկումներից հետո գրվել է այս նախագիծը:

Հայկ Սարգսյանն ասաց. «Հիմնական մտահոգությունը, որն ունի նաեւ կառավարությունը, այն էր, որ սա լուրջ հարված կլինի մեր պաշտպանունակությանը եւ ԶՈՒ-ին: Սա լուրջ անվտանգային խնդիր կարող է առաջացնել մեր ԶՈՒ-ի համար: Ես ունեմ ձեռքիս տակ թվեր, կհրապարակեմ, որի արդյունքում պարզ կդառնա, որ սա անվտանգային խնդիր չի լինի: 2022-ի ամառային զորակոչին այս օրենքի շահառու կլինի 10 քաղաքացի, այսինքն, ընդամենը 10 զորակոչիկ է օգտվելու օրենքից ու ազատվի զինծառայությունից, 2022-ի ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի է օգտվելու, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռային զորակոչին՝ 14: Այսինքն, առաջիկա 4 զորակոչերի ընթացքում 52 զորակոչիկ է լինելու, որոնք կարող են օգտվել այս օրենքից: Ամեն զորակոչին 10-20 զորակոչիկի այս հիմքով ազատվելը մարտունակության համար որեւէ խնդիր չի առաջացնի»:

Եթե նույնիսկ կլինեն զոհվածի եղբայրներ, որդիներ, որ կասեն՝ չէ, ուզում ենք ծառայել, նրանք թիկունքում կլինեն ու մարտական հերթապահություն չեն անի, առաջնագիծ չեն գնա:

2021-ին 27 զինակոչիկ է եղել, որոնք ունեցել են զոհված եղբայր, քույր կամ ծնող, 18-ը դիմել են ՊՆ ու ստացել տարկետում՝ ընտանեկան դրությունից ելնելով: Նրանցից 5-ը ազատվել են ծառայությունից առողջական խնդիրներով ու միայն 4-ն է գնացել ծառայության:

Հայկ Սարգսյանն ասաց, որ սկզբում առաջարկ կար օրենքով չկարգավորել, թողնել, որ ՊՆ նախարարը նման դեպքերում տարկետում տա, բայց տարկետման դեպքում տղան, միեւնույն է, համարվում է զինակոչիկ ու եթե արտերկիր գնա, պետք է զորակոչերին գա, խնդիրներ կառաջանան:

Հարցին՝ իսկ ի՞նչ է լինելու այն եղբայրների հետ, որոնք արդեն ծառայում են՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Այս պահին ունենք 16 զինծառայող, ովքեր ընտանիքում ունեն զոհված եղբայր, կամ հայր, օրենքն ընդունվելուց հետո նրանք կարող են ազատվել զինծառայությունից»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ճշտեց՝ մոբիլիզացիայի դեպքում նրանք մասնակցելո՞ւ են, թե՞ ազատվում են ծառայությունից ու վերջ: Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ պահեստազորում են ընդգրկվելու եւ անպայման մասնակցելու են՝ անկախ նրանից, թե ինչ հիմքով են ազատվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28