Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են անում Քերոբյանն ու կառավարությունը, որ ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցներից ու ռուբլու արժեզրկումից մեր բիզնեսները շատ չտուժեն

Փետրվար 23,2022 15:40

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաեւ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ու ռուբլու արժեզրկման հարցերին, դրանց՝ ՀՀ տնտեսության վրա հնարավոր ազդեցությանը:

«Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակի զարգացմանը։ Մենք այդ բոլոր գործոններն ուսումնասիրում ենք եւ նաեւ ուղիղ կապի մեջ ենք թե՛ արտահանողների հետ, թե՛ մյուս բիզնեսների հետ, ում վրա դա կարող է անդրադառնալ։ Նաեւ դիտարկում ենք այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել, որպեսզի մեղմենք հնարավոր հարվածները։ Տարբեր մեթոդներ կան, օրինակ, ռուբլու հեջավորման (ապրանք արտադրողի, ներդրողի կամ սպառողի վրա շուկայական գների՝ այդ թվում արտարժութային փոխարժեքների անբարենպաստ ազդեցության չեզոքացում,-Լ. Բ.) եւ այլ գործիքների միջոցով։ Հիմա չեմ ուզում մանրամասներ բացել, տարբերակներ ենք քննարկում, երեկ էլ արտահանողների հետ ունեցել ենք մեծ խորհրդակցություն»,-ասաց Վահան Քերոբյանը։ Ըստ նրա, շատ անհանգստացած են իրավիճակով, բայց հենց տնտեսական առումով փորձելու են այնպես անել, որպեսզի մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն:

Նախարարին նաեւ հարցրին՝ հայկական շուկան հագեցած է թուրքական լոլիկով, ինչը ծանր դրության մեջ է դնում տեղական արտադրողին, ի՞նչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ: Ի պատասխան Վահան Քերոբյանն ասաց, որ անցյալ տարի Հայաստանում եղել է լոլիկի խորը պակասորդ. «Այս տարի պահանջարկն ավելի մեծ է, այդ պատճառով այս տարի արվում է ամեն ինչ լոլիկի, սմբուկի եւ այլ պտուղ-բանջարեղենի անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար։ Սակավության պատճառով հումքի մի մասը ներկրվել է այլ երկրներից, հիմնականում՝ Իրանից։ Այդ պատճառով ներքին սննդի արդյունաբերության արտադրողներին անհրաժեշտ հումքով ապահովելը առաջնահերթություն է։ Համագործակցում է գիտական ինստիտուտների հետ, որի հիմնական նպատակը ապրանքի արտադրողականությունը եւ որակը բարձրացնելն է»:

Ըստ Քերոբյանի, կառավարությունը չի երկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, ինչի հետեւանքով առաջացել է նման հագեցվածություն, ինչի մեջ նախարարությունը խնդիր չի տեսնում, պարզապես պետք է բարձրացնել ընկերությունների արտադրողականությունը եւ շուկայի մրցունակությունը, որպեսզի կարողանան, թե՛ ներքին եւ, թե՛ արտաքին շուկայում մրցակցել իրենց մրցակից ապրանքների հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28