«Եթե Ռուսաստանն իր ամբողջ անվտանգային ռեսուրսը կենտրոնացնում է ուկրաինական ուղղությամբ, ապա, բնականաբար, այստեղ իր ներկայությունը կարող է թուլանալ, ինչը որոշակի բացասական ազդեցություն կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի եւ Հայաստանի համար»,- Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` խոսելով այն մասին, թե ինչ հնարավոր հետեւանքներ կարող է ունենալ ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի վրա:
«Հաշվի առնելով, որ սրվում է Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները, եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի համատեղ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետագա կարգավորման հարցում դժվար թե համաձայնության պայմաններում ու մթնոլորտում շարունակվի դա բացասական ազդեցություն է ունենալու նաեւ այդ գործընթացի վրա…Նույնիսկ եթե Ֆրանսիան, կամ ԱՄՆ-ը ինչ-որ նախաձեռնություններ են հանդես բերում` հաշվի առնելով նաեւ Ռուսաստանի դերակատարությունը այստեղ, դա մի բան է, եւ լրիվ այլ միջավայր կձեւավորվի, եթե Ֆրանսիան ու ԱՄՆ-ը լուրջ հակասությունների մեջ մտնեն Ռուսաստանի հետ…Այս ամենին կավելացնեմ միգուցե այդքան հաճախ չհնչող մի հանգամանք եւս` ամեն դեպքում Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Դա ենթադրում է, որ Ռուսաստանն իր բոլոր աշխարհաքաղաքական նախաձեռնություններում սպասում է Հայաստանի աջակցությանը»,-հավելեց Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով. «Հաշվի առնելով, որ այդ կարգի աջակցությունը Դոնբասի ճգնաժամի շուրջ` լինի բարոյական, քաղաքական, միջազգային ատյաններում, թե առավել եւս ռազմական, լուրջ մարտահրավերների է կանգնեցնելու Հայաստանին Արեւմուտքի, Ուկրաինայի, Վրաստանի հետ մեր հարաբերութուններում, մենք էլ ավելի մեծ անջրպետ կունենանք այս կարեւոր երկրների հետ մեր հարաբերություններում: Բացի դրանից, Հայաստանը որեւէ բան իր դաշնակցին առաջարկել չի կարող: Այնպես որ, երկու տարբերակներն էլ` աջակցել կամ չաջակցել Ռուսաստանին, Հայաստանի համար կարող են բացասական հետեւանքներ ունենալ, իսկ եթե չաջակցենք Ռուսաստանին, Ռուսաստանի կողմից կարժանանանք այնպիսի վերաբերմունքի, որը մեզ ձեռնտու չէ…Կարող են խորանալ ճնշման տարբեր մեխանիզմներ, որը Ռուսաստանը կկիրառի Հայաստանի նկատմամբ…Եթե համեմատենք մեր հնարավորություններն Ադրբեջանի հնարավորությունների հետ, կարծես Ադրբեջանն ավելի մեծ հնարավորություններ ունի: Ադրբեջանի` Ռուսաստանի հետ ստորագրումը դաշնակցային փոխգործակցության հռչակագրի, որը տեղի ունեցավ նույն օրերին, երբ սրվեց իրավիճակը Դոնբասում, խոսում է նրա մասին, որ առանց մեծ կորուստների` Ադրբեջանը կարող է ինչ-որ բաներ առաջարկել Ռուսաստանին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները ` Մեդիա կենտրոնի