Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է մտածում Կրեմլում նստած այդ մարդը, ոչ ոք չի կարող հաշվարկել». ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար

Փետրվար 23,2022 14:48

«Ռուս-ուկրաինական շփման գծում իրավիճակը շարունակվում է մնալ լարված: Դոնբասը բռնազավթված ուժերի կողմից հրաձգությունը շարունակվում է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ հավելելով, որ ուկրաինական կողմը գրեթե ամեն օր կորուստներ է կրում՝ զոհեր եւ վիրավորներ տալով:

Դիվանագետը հավելեց, որ ՌԴ-ն եւ Ուկրաինան արդեն ութ տարի է, փաստացի պատերազմի վիճակում են եւ ստեղծված իրավիճակում իրենք պատրաստ են ցանկացած քայլի՝ անկախ ՌԴ-ից հնչող հայտարարություններից, թե ի՞նչ հիմքով են ճանաչել Դոնեցկը եւ Լուգանսկը. «Այդ ճանաչումն առ ոչինչ է: ՌԴ-ն հիմա կարող է ճանաչել՝ ինչ ուզում է: Իրենք այն աստիճանի են քանդում գոյություն ունեցող անվտանգության համակարգը, որ… Մենք պատրաստ ենք իրենց կողմից հակամարտության էսկալացիային»:

Դիվանագետի խոսքով, իր երկրում բարձր են գնահատում այն աջակցությունը, այդ թվում նաեւ ռազմական, որը տրամադրում է Արեւմուտքը. «Սակայն դա չի նշանակում, որ եթե դա չլինի, մենք ինքներս չենք կռվի»:

Այն սահմանափակումները, որոնք արդեն մտցվել են ՌԴ-ի նկատմամբ, բանախոսի գնահատմամբ, միայն սկիզբն են եւ զգուշացումը, թե ի՞նչ կլինի հետո. իսկ հետո կլինի ֆինանսական համակարգի փլուզում եւ այլն:

«Կրեմլի ընկերների» կողմից այդ «կազմավորումների» ճանաչումը, ըստ բանախոսի, որեւէ օգուտ չի բերելու այդ երկրներին, դրանից միայն Մոսկվան է շահելու, իսկ Ուկրաինայի արձագանքն անպայման դրան լինելու է՝ կախված իրավիճակից: Համենայնդեպս, դեռ ճանաչումներ չկան:

Ուկրաինացի դիվանագետը հեգնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Խորհրդային միության փլուզումը 20-րդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական ողբերգությունն էր. «Երկու համաշխարհային պատերազմներից հետո խոսել այն մասին, որ փլուզված կայսրությունը… միգուցե դա իր անձնական ողբերգությունն էր, դա ես չեմ բացառում»: Նրա գնահատմամբ, այժմ մենք գտնվում ենք ԽՍՀՄ փլուզման վերջին փուլում:

Բանախոսը գնահատականներ չհնչեցրեց ԽՍՀՄ-ը վերականգնելու ՌԴ-ի ջանքերին՝ նկատելով, որ ՌԴ-ն ջանում է նման փորձ կատարել՝ կտորներ տանելով ԽՍՀՄ նախկին տարածքից, բայց սա 21-րդ դարն է, որն վերջնագրերի ժամանակ չէ, այլ որոշումների. «Եթե որեւէ մեկը ցանկանում է… միանգամայն հնարավոր է, որ որեւէ մեկն այդ մասին երազում է: Այո, հնարավոր է նա (նկատի ունի ՌԴ նախագահը-Ն. Գ.) դա ցանկանում է անել, թե ի՜նչ կա նրա գլխում, ի՞նչ է մտածում Կրեմլում նստած այդ մարդը՝ ոչ ոք չի կարող հաշվարկել: Նա ԿԳԲ-ում է աշխատել, կարծում եմ, լավ ծանոթ է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրքին, որի անկյունաքարային ուղերձներից մեկն էլ, թույլ տվեք ասել, այն է, որ Ավստրիան պետություն չէ, ազգը չի կարող մասնատվել։ Գնում է կրկնություն՝ Ուկրաինան պետություն չէ, ազգը չի կարող մասնատվել»:

Դիվանագետի պնդմամբ, ՌԴ-ն պահանջել է Ուկրաինայից՝ ճանաչել Ղրիմը ռուսական, հրաժարվել ՆԱՏՕ մուտք գործելուց եւ առհասարակ, Արեւմուտք ձգտելուց, ինչի արդյունքում եղավ այն, ինչ եղավ, մինչդեռ ՌԴ-ին չի հաջողվելու Ուկրաինային որոշումներ պարտադրել: Նա նաեւ հավելեց, որ իրենց մի քանի անգամ է ասվել, որ ՆԱՏՕ-ի դռներն Ուկրաինայի համար բաց են, Ուկրաինային մնում է միայն սեփական որոշման առկայությունը եւ որոշ պարտադիր պայմանների կատարումը, որոնք պարտադիր են որեւէ պետության համար, որը հավակնում է անդամակցել ՆԱՏՕ-ին. «Ուկրաինան հայտարարել է իր ցանկության մասին, ՆԱՏՕ-ն մեզ չի մերժել եւ անգամ պատերազմի պայմաններում մենք ջանում ենք կատարել մեր «տնային աշխատանքը», սակայն այս պահին մեր օրակարգում այդ հարցը չկա»:

Պատասխանելով ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հարցին, ուկրաինացի դիվանագետն ասաց, որ հարցը դիտարկվել է եւ 2014 թվականին, եւ դրանից հետո, սակայն, այն կյանքի չի կոչվել մի պատճառով՝ ՌԴ դաշնության տարածքում բավականին մեծ քանակությամբ Ուկրաինայի քաղաքացիներ կան, որոնք Ուկրաինայից հյուպատոսական պաշտպանություն են պահանջում: Բանախոսի հավաստմամբ, ՌԴ տարածքում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների թիվն այժմ անհամեմատ ավելի քիչ է, քան նախկինում էր, բայց նրանք ժամանակ առ ժամանակ հարցեր են ունենում, որոնք հյուպատոսական աջակցության կարիք են ունենում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28