Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունների հայտարարությունը
Սույն թվականի փետրվարի 21-22-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացվել է Եվրանեսթի հերթական նիստը, որը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խորհրդարանական հարթակն է։ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին այս անգամ իրենց մասնակցությունը ունեցան նաև Ադրբեջանը ներկայացնող պատգամավորներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Ողջունելի է նիստի ընթացքում Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկարաժամկետ խաղաղության հասնելու և պատերազմի միջոցով արցախյան հիմնախնդրի լուծումը բացառելու հստակ պնդումը։
Առանձնահատուկ ցինիզմով և ակնհայտ աճպարարությամբ են լցված ադրբեջանական պատվիրակության կողմից խաղաղության շրջան բացելու և հարաբերություններ կարգավորելու կոչերը։
Կարդացեք նաև
Այդ երկրի բանտերում մինչ այժմ պահվող հայ ռազմագերիների առկայությունն ու նրանց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ կրկնվող սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին։ Միայն անկեղծ մղումով և փոխադարձ շահերի համահավասար գնահատմամբ է հնարավոր երկարաժամկետ խաղաղությունը։ Ցավոք սրտի, Բաքուն նման մոտեցումները չի կիսում։
Ըստ այդմ, դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին քաղաքական երկակի ստանդարտներն ու խոսքի և գործի անհամատեղելիությունը։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն