Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եվրոպացի գործընկերները չէին ընկալում բողոքողների ցասումը․ ասում էին՝ ինչո՞ւ պետք է ցույց լինի»․ Աննա Գրիգորյան

Փետրվար 23,2022 14:26

«Ձախողում կրելով ամեն տեղ՝ իշխանությունը բիրտ ուժը փորձեց պարպել մեր երիտասարդների վրա, որոնք խաղաղ հավաքի ժամանակ կարծիք էին արտահայտում։ Սա ողորմելիության դրսեւորում է, երբ չես կարողանում երկրիդ սահմանները պաշտպանել, բայց պարպում ես ժողովրդիդ վրա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով երեկ ադրբեջանցի պատվիրակների ժամանման դեմ բողոքի ցույց անող ՀՅԴ երիտասարդների բերման ենթարկմանը՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։

 

«Վախենում են ինքնաձիգով պաշտպանել սեփական ժողովրդին եւ փոխարենը գործի են դնում մահակները ժողովրդի դեմ։ Սխալվում են, եթե մտածում են, թե այս կերպ կարող են վախեցնել մեր երիտասարդներին։ Ռեժիմն այսպես ցույց տվեց իր հոգեվարքը»,-շեշտեց Արթուր Խաչատրյանը։

«Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր` Աննա Գրիգորյանն էլ նշեց՝ հասկանալի է, որ հայկական կողմը պարտավորվածություն ուներ ադրբեջանցի պատվիրակների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու․ «Բայց այդ ֆոնին միաժամանակ նման բիրտ ուժ կիրառելը սեփական քաղաքացիների հանդեպ ստորացուցիչ է։ Ադրբեջանցիներին պաշտպանել եւ սեփական քաղաքացիներին դաժանաբար վերաբերվել․․․հատուկ հրաման է եղել նման վերաբերմունք դրսեւորելու»։

Աննա Գրիգորյանը շեշտեց՝ երեկ Եվրանեսթի հանձնաժողովների նիստերի ընդմիջումների ժամանակ որոշ եվրոպացի գործընկերներ հարցադրումներ են արել, թե ինչու են մարզահամերգային համալրի դիմաց քաղաքացիները ցույց անում․ «Ասում էին՝ ինչո՞ւ պետք է ցույց լինի։ Հասկանո՞ւմ եք։ Իշխանությունն ամեն հարթակներում դիրքավորվել է այնպես, կարծես թե ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ ավարտված է, որ այս ստորացուցիչ իրավիճակը նորմալ է։ Դրա համար մեր գործընկերներն այդ բողոքի ցույցի էությունը չէին ընկալում, չէին ընկալում, որ դա հայ ժողովրդի բնական ցասումն է»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիների ներկայության դեմ բողոքող քաղաքացիների հանդեպ ուժի կիրառումը երկու նպատակ ուներ՝ «խաղաղության դարաշրջան» բացել եւ ցույց տալ, թե իբր ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է․ «Ուզում են ցույց տալ, թե խաղաղության դարաշրջանի համար խոչընդոտ չկա, իսկ լինելու դեպքում բիրտ ուժի է հանդիպելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28