Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1 միլիարդ 435 միլիոն դրամ՝ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզպետարաններին

Փետրվար 23,2022 14:06

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար գումար կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզպետարաններին: Այդ մասին որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այդ նպատակով կհատկացվի 1 միլիարդ 435 միլիոն դրամ՝ նշյալ մարզերի 13 համայնքներում շուրջ 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Ըստ նրա, Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 4 միլիոն դրամ, Արարատի մարզին՝ 42,2 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 28 միլիոն դրամ, Գեղարքունիքին՝ 145 միլիոն, Լոռու մարզին՝ 38 միլիոն, Շիրակին՝ 23 միլիոն եւ Սյունիքի մարզին 1 միլիարդ 181 միլիոն դրամ:

Գնել Սանոսյանը հստակեցրեց, որ Սյունիքին հատկացվող գումարը Քաջարանի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագրի իրականացման նպատակով է, որում ընդգրկված են քաղաքի 25 շենքեր, որոնցից 3-ն ավարտական տեսքի է բերվել, 22-ում 60 տոկոս եւ ավելի աշխատանք է արվել. «Այս խոշոր ծրագրում կառավարությունն ունի 70 տոկոս մասնակցություն, 25 տոկոսը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերով է եւ միայն 5 տոկոսն է, որ համայնքը պետք է տրամադրի: Այդ 5 տոկոսի կեսը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է հատկացրել որպես հովանավոր: Ստացվում է, որ Քաջարանի 25 շենքերի նման ծավալի հսկայական ծրագրին համայնքն ունեցել է 2,5 տոկոս մասնակցություն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց՝ մյուս համայնքներում ինչ սուբվենցիոն ծրագրերի համար է տրվում գումարը. «Մասնավորապես, Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում փողոցների արտաքին լուսավորության մասին է խոսքը։ Ըստ հաշվետվության՝ աշխատանքներն ավարտված են: Արարատի մարզի Վարդաշեն համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցի բարելավման աշխատանքներ են իրականացվել, որը նույնպես ավարտված է: Արտաշատում մի շարք շենքերի տանիքների հիմնանորոգման հարցն է լուծվել: Այս ծրագիրը նույնպես ավարտված է: Մասիս քաղաքի 38 շենք եւ ոստիկանություն տանող ճանապարհի ու մայթերի կառուցման ծրագիրն է, նույնպես ավարտված է: Գեղարքունիքի Ծովինար համայնքում խմելու ջրագծի կառուցում է իրականցվել, շինարարությունն ընթացքի մեջ է, 70 տոկոսն արված է: Խոշոր ծրագիր է՝ 149 մլն դրամի»:

Փաշինյանը նաեւ հայտնեց, որ նույն մարզի Գեղարքունիք համայնքում խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: «Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաեւ Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին եւ արտաքին ցանցերի կառուցման աշխատանքներ են իրականացվել, ծրագիրն ավարտված է: Ճամբարակի 2 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ, որն արված է 90 տոկոսով: Լոռու Շմլուղ բնակավայրի զբոսայգում վերանորոգումն է իրականացվում, 90 տոկոսով արված է: Ջրաշենում արեւային կայան է կառուցվել, ծրագիրն ավարտված է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գնել Սանոսյանն էլ նշեց, որ 2021 թվականի 620 ծրագրից 447-ը փաստացի ավարտված է, 173-ը ընթացքի մեջ է:

Ըստ նախարարի, 2022 թվականի ծրագրերով էլ 2-3 թիրախ են ընտրել, քանի որ վերլուծությունը ցույց է տվել, որ մանկապարտեզների, խմելու ու ոռոգման համակարգերի ու ճանապարհների կառուցումն արդարացված է. «Այս երեք ուղղությամբ ամենաշատ հայտերն ունենք՝ 78,2 միլիարդ դրամի 457 հայտ է, բայց թիվը վերջնական չէ»:

Ըստ Գնել Սանոսյանի, ունեն մանկապարտեզներ կառուցելու, հիմնանորոգելու 173 հայտ. «Դրանցից 38-ը ամբողջովին նոր մանկապարտեզների մասին է խոսքը, մյուսները կամ հիմնանորոգումներ, կամ վերանորոգումներ ու բարեկարգումներ են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28