Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ԵՄ-ին «գործելու», կոչ է անում

Փետրվար 23,2022 13:59

Ուկրաինան դատապարտում է ՌԴ-ի կողմից՝ իր իսկ կողմից Ուկրաինայի տարածքի վրա ժամանակավորապես ստեղծված «քվազի միավորումների», այսպես կոչված Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետությունների ճանաչումը. այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Ուկրաինացի դիվանագետի գնահատմամբ, այդպիսով ՌԴ-ն կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը, ՄԱԿ-ի կանոնակարգերը եւ խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նա պնդում է, որ այդ ճանաչումը որեւէ իրավական հետեւանք չի կարող ունենալ, որ այն միայն կտրուկ մեծացնում է իրավիճակի լարվածությունը եւ նշանակում է՝ ՌԴ-ի կողմից Մինսկի համաձայնություններից միակողմանի դուրս գալ:

Դիվանագետը հավաստիացրեց, որ իր երկրում հասկանում են ՌԴ-ի այս քայլը, որը միտված է Ուկրաինային սադրելուն, բայց սադրանքներին չեն տրվելու, հավատարիմ են մնում ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծման ճանապարհին:

Բանախոսը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ, այժմ իր երկրի դիվանագիտական կորպուսը ողջ կարողություններով լծվել է հակամարտության զինված ճանապարհով զարգացման հնարավորությունները կանխելու գործին: Ուկրաինացի դիվանագետները ջանք չեն խնայելու՝ միջազգային ատյաններում ՌԴ-ի դեմ կոշտ սահմանափակումների հասնելու համար, ինչպես նաեւ Ուկրաինայի համար պաշտպանական օգնության հասնելու համար: Հետագա գործողությունների տրամաբանությունը, դիվանագետի գնահատմամբ, էապես պայմանավորված կլինեն այս իրադարձություններին միջազգային հանրության արձագանքից, ուստի Ուկրաինան պնդում է ՌԴ-ի դեմ ցավոտ սահմանափակումների կիրառումը, որ կանխարգելվի հակամարտության զինված էսկալացիայի հնարավորությունը:

«Ժամանակն է գործել՝ դադարեցնելու համար ՌԴ-ի կողմից ագրեսիան եւ Եվրոպայում խաղաղությունը վերականգնելու համար»,- ասաց դիվանագետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28