«Վեց տարի առաջ ուղիղ այս oրն ընտրվեցի ԱԺ-ի կողմից՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան և երդմամբ ստանձնեցի այս բարձր պաշտոնը: Ամբողջ աշխատանքը տարվել է ամենաբարդ, լարված և ճգնաժամային իրավիճակում»,- պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի իրադարձություններ, 2018-ի գործընթացներ, 2020-ի հուլիսյան դեպքեր՝ Տավուշում, համավարակ, 44-օրյա ավերիչ պատերազմ. այս իրավիճակում է աշխատել ՀՀ ՄԻՊ-ը գործունեության վեց տարիների ընթացքում:
Արման Թաթոյանը մտահոգված է՝ այսօր խաթարվել է հանրային համերաշխությունը, և դրա վերականգնման հեռանկարները մշուշոտ են. «Դատապարտում եմ, որ հասարակական քաղաքական հարթակներում ներդրվեց նոր ու նախկին, սև ու սպիտակ դիսկուրսը, հետո պիցցայակեր, ժեխ, զոմբիներ պիտակավորումներն ավելացան»:
Արման Թաթոյանը, խոսելով խաղաղասիրական կոչերի մասին՝ զգուշացրեց. «Ադրբեջանական իշխանությունների ատելության ու թշնամանքի քաղաքականությունը շարունակվում է: Այն չի նվազել, խաղաղությունը կեղծ է: Խնդրում եմ՝ պահանջեք՝ այն պաշտոնյաները, որոնք խոսում են առանց երաշխիքների նոր գործընթացների մասին, ներկայացնեն երաշխիքներ: Հակառակ դեպքում նրանք կամ խոսում են՝ միայն քաղաքական շահերից ելնելով, կամ ուղղակի չեն գիտակցում՝ ինչի մասին են խոսում: Չպետք է թույլ տանք, որ մեր հասարակությանը ադրբեջանական իշխանությունները թմրեցնեն կեղծ խաղաղասիրական կոչերով: Մենք պետք է ունենանք մեր սեփական երաշխիքները: Պատերազմ ու թշնամանք որևէ մեկը չի ուզում, բայց մենք՝ ինքներս մեզ չենք կարող մոլորեցնել, որ այդ ամենն ավարտված է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ