Այս այցը կմնա Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների պատմության մեջ: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը:
«Տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցերը լավ նախադրյալներ են ստեղծում ոչ միայն տարածաշրջանում վստահության, խաղաղության և անվտանգության ամրապնդման տեսանկյունից, այլև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխադարձ տնտեսական գործընկերության համար»,- ասել է նա:
Խոսելով Մոսկվայում ստորագրված հռչակագրի մասին՝ Ալիևն այն անվանել է առանձնահատուկ փաստաթուղթ երկկողմ իրավապայմանագրային բազայում:
«Վստահ եմ, որ այն կծառայի մեր երկրների միջև բարեկամական, բարիդրացիական և արդեն այսօրվանից՝ միութենական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Իր հերթին Միշուստինն ասել է, որ հռչակագիրը նոր մակարդակի է դուրս բերում Մոսկվայի ու Բաքվի միջև հարաբերությունները:
Երկկողմ գործակցության համատեքստում Միշուստինն անդրադարձել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը՝ նշելով, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները հնարավորություններ են ստեղծում Հարավային Կովկասի զարգացման համար:
«Համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքների, երթուղիների ստեղծումը բխում է Հարավային Կովկասի երկու պետությունների շահերից»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ