«Մենք նկատում ենք քովիդի իրավիճակի որոշակի կայունացում»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց Փաշինյանի խոսքը՝ նշելով, որ գնում ենք կայուն նվազման. «Երեկ թեստավորվել է 4 հազար 759 քաղաքացի: Ցավոք ունենք 26 մահ: Այս պահին հանրապետությունում շրջանառվում են օմիկրոն շտաբի B1.1 եւ B1.2 ենթաշտամերը: Ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում եւ, կարծես, դելտա շտամը ամբողջովին դուրս է մղվել օմիկրոն շտամի ազդեցության ներքո»:
Ըստ նախարարի, միեւնույն է, այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունեն խրոնիկ հիվանդություններ, վարակվելու դեպքում հիվանդությունը ծանր են տանում եւ անգամ լինում են մահվան դեպքեր:
«65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների մասով արդեն ունենք 40 տոկոս ցուցանիշ, որը վերջին 1-2 ամսում բավական աճել է: Այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 միլիոն 80 հազար 715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 49,7 տոկոսը: Երկրորդ դեղաչափը ստացել է 905 հազար 624 քաղաքացի, որը 40 տոկոս է կազմում: Երրորդ խթանիչ դեղաչափը ստացել է 20 հազար 169 քաղաքացի»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այս միտումը շարունակվի հաջորդ շաբաթվանից կգնան մահճակալների կրճատման»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ քննարկում են դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը, անգամ, փակ տարածքներում. «Փակ տարածքներում դիմակը ոչ թե պարտադիր կրման ռեժիմում կլինի, այլ՝ խորհուրդ կտրվի որ կրեն»:
Նախարարն ասաց, որ բժշկական կենտրոններում միայն դիմակ կրելը պարտադիր կլինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ