«Եվս մեկ անգամ ցույց տրվեց, թե փաշինյանական արտաքին քաղաքականությունը որքան տկար է եւ լի հակապետական սխալներով։ Սա ցույց տվեց, թե պատերազմի ընթացքում ինչ էր պարտավոր անել ՀՀ-ն՝ ճանաչել Արցախի անկախությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչմանը։
Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ 2016թ․ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր ԵԱՀԿ երկրների դեսպաններին ու հստակ ասել՝ եթե պատերազմը շարունակվի եւս մի քանի օր, ապա ՀՀ-ն ճանաչելու է Արցախի անկախությունը․ «ՌԴ նախագահն իր հարցազրույցների ժամանակ մեզ երեսով է տվել, որ անգամ ՀՀ-ն չի ճանաչել Արցախի անկախությունը։ Տրամաբանությունից դուրս է, թե ինչու 44-օրյա պատերազմի ժամանակ դա տեղի չունեցավ»։
Պատգամավորի խոսքով՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչումն ազգերի ինքնորոշման իրավունքի եւս մեկ հաստատում է միջազգային քաղաքականության մեջ եւ եւս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունը պատերազմի ժամանակ կոպտագույն սխալ է գործել՝ չճանաչելով Արցախի անկախությունը։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի ստորագրած դաշնակցային հռչակագրին՝ Հայկ Մամիջանյանը նկատեց․ «Հնարավոր չի նեղանալ սեփական դաշնակցից նրա համար, որ դաշնակիցը չի անում ավելին, քան դու ինքդ պետք է անես: Հետաքրքիր է՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը ե՞րբ է հետ կանչվելու եւ փոխարինվելու։ Բոլորս գիտենք, որ դա չի լինի, մինչդեռ նորմալ երկրներում կլիներ։ Ավելին՝ ՀՀ-ն շատ մեծ կորուստ ունեցավ այն տեսանկյունից, որ Հարավային Կովկասում չկարողացավ լինել ՌԴ կանխատեսելի եւ վստահելի դաշնակից։ Հարավային Կովկասի երկրներից մեկ ուրիշը եւս ստացավ այդ կարգավիճակը։ Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ-ին Հարավային Կովկասում պետք եղավ ունենալ եւս մեկ դաշնակից։ Սրա հետ կապված շատ հարցեր ունեմ մեր ԱԳՆ-ին եւ արտաքին քաղաքականություն վարող սուբյեկտին»։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանն էլ, մեկնաբանելով Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչումը՝ հավելեց․ «2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու լավագույն ժամանակն էին։ Ինչ վերաբերում է ՌԴ-Ադրբեջան համաձայնագրին, ապա դա ցույց է տալիս ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության ձախողումը․ ցույց է տալիս, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ինչ-որ բան այնպես չէ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ