Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատության նախարարը շարժվում է վրեժխնդրության շարժառիթով». Արման Թաթոյանը՝ Կարեն Անդրեասյանին

Փետրվար 23,2022 12:25

«Եթե արդարադատության նախարարը վստահ չէ իր հայտարարություններում կամ եթե չի ուսումնասիրել ՄԻՊ-ի ասելիքները և մասնագիտական հենքը չի պատկերացնում, մյուս անգամ թող չհամարձակվի ՀՀ ՄԻՊ-ի հաստատության հանդեպ որևէ ոտնձգություն անել՝ թաքնվելով կառավարության ներկայացուցիչ լինելու հովանու ներքո»,- պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարություններին:

Նա Կարեն Անդրեասյանի բառապաշարը «պոպուլիստական» բնորոշեց՝ վստահեցնելով, որ այդ հայտարարությունները երկրում անհանդուրժողականությունն ավելի են խորացնում, անգամ ըստ նրա՝ ծանր վիրավորանքի հատկանիշներ կան նրա խոսքում:

Նա մանրամասնեց. «Ասում է՝ ընթացիկ դատական գործի վերաբերյալ գնահատական, մի հատ էլ հղում է անում ՄԻՊ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասին: Նախ` այդ օրենքը գրվել է իմ անմիջական ղեկավարությամբ, այդ դրույթն անձամբ ես եմ ձևակերպել, կոչվում է՝ ՄԻՊ-ն իրավունք չունի միջամտել դատական վարույթին․ ընդամենը: Ինձ համար ակնհայտ է, որ արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված: Քանի որ ինձ հետ ռիսկ է արել մտնել մասնագիտական դաշտ, կբացատրեմ: Արդարադատության նախարարը պարտավոր է իմանալ, որ գոյություն ունի նախաքննություն և դատական քննություն, որ գոյություն ունի դատական վարույթ, որը նախաքննությունը չէ: Նախաքննություն իրականացնողը պաշտոնական անձ է, ում անունը քննիչ է, իսկ դատական վարույթն իրականացնում է դատարանը: Ինչպե՞ս կարող է նախաքննության հարցը դառնալ դատական գործ: Մեր օրենքը չունի դատական գործ հասկացողություն: Չգիտեմ՝ որտեղից է վերցրել: Եվ դատական վարույթը սկսվում է, երբ քննիչը քննում է գործը, նախաքննությունն ավարտվում է, ուղարկվում դատախազություն, դատախազը մեղադրանքը հաստատում է, բայց դեռ դատական քննություն չի սկսվում, հետո ուղարկում է դատարան: Եթե դատարանն ընդունում է վարույթ, նոր սկսվում է դատական վարույթը»:

Արման Թաթոյանը հարցրեց՝ բա արդարադատության նախարարն ինչպե՞ս էր իր նախորդ պաշտոնում գնահատական տալիս դատական գործերի հետ կապված, զեկույցներ պատրաստում, որոնց Արման Թաթոյանը մեծ արժեք է տալիս. «Այդ զեկույցներում չկա՞ն դատական գործեր, որոնք ընթացիկ են կամ սա ի՞նչ քաղաքական ծառայություն է իրավապահ մարմիններից: Սրանով ասում է, որ նախաքննության փուլում գտնվող ցանկացած գործի հետ կապված դատախազությունը, ոստիկանությունը կարող են ասել, որ ՄԻՊ-ն իրավունք չունի գնահատական տալ նախաքննության մեջ գտնվող գործին, քանի որ դատական գործ է: Կարող է հասնել նրան, որ ասեն՝ ՄԻՊ-ն իրավունք չունի կալանավորված անձին այցելել, կարող է հանկարծ տվյալներ փոխանցի, որոնք վերաբերվում են գործի նախաքննությանը: Սա ի՞նչ է»:

Արման Թաթոյանը պնդում է՝ Կարեն Անդրեասյանը չի ուսումնասիրել իր՝ Բորիս Բախշիյանի կալանավորման հետ կապված հայտարարությունները. «Ափսոսում եմ, որ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է սիրողական գնահատական տալ առանց հայտարարություններին ծանոթանալու: Ես հատուկ ասել եմ՝ չեմ մտնում Բորիս Բախշիյանի գործով մեղադրանքի մեջ: Տևական ժամանակ է անընդհատ բաներ են ման գալիս, որ ՄԻՊ-ին անդրադառնան: Ի՞նչ գործ ունեք՝ պիտակավորում եք իրավապաշտպաններին»:

Արման Թաթոյանը վրդովվեց՝ այդքան հայտարարություններ է անում, որ վարչական դատարանի նախագահն ապօրինություններ է անում ՏԻՄ ընտրությունների հետ կապված, բա ինչո՞ւ դատական վարույթ չեն հարուցում: Կամ Երևանի առաջին ատյանի դատարանում աշխատակազմի ղեկավարը մասնակցում է գործերի մակագրություններին, բա ստուգման ենթակա տվյալ չէ՞: Կամ որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ են մահանում. միայն այս տարի երկու մարդ ինքնասպան է եղել, մեկը՝ հանկարծամահ:

Նա հորդորում է նախարարին այս հարցերով զբաղվել:

Ամփոփելով՝ Արման Թաթոյանն ասաց. «Արդարադատության նախարարը շարժվում է վրեժխնդրության շարժառիթով: Սրանք այն դասական հայտարարություններն են, որ դառնում են իրենց քաղաքական հայտարարությունների գերին: Անում են պոպուլիստական հայտարարություններ, բնակչության մեջ առաջացնում ակնկալիքներ, հետո ամեն ինչ պիտի անեն, որ հասնեն իրենց հայտարարություններին: Վեթինգը տեսեք՝ ինչքան է իր բովանդակությամբ փոխվել, մինչև հիմա էլ չի լինում իրականացնել, քանի որ մասնագիտական առումով լրջագույն խնդիրներ կան: Միջազգային գործընկերներն ասում են՝ ո՞նց եք պատկերացնում, այդ ամենն ի՞նչ երաշխիքներով եք անելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28