«Դիզակ Արտ» կենտրոնում բացվել է թշնամու տիրապետության տակ մնացած տարածքներում Հայոց պատմամշակութային հուշարձանների մասին պատմող «Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն կազմակերպել են Արցախի ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը եւ Երեւանում գործող «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնը (հիմնադիրներ՝ Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Երազիկ Ավանեսյան, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյան եւ «Դիզակ» թերթի գլխավոր խմբագիր Լիանա Պետրոսյան)։
Լուսանկարներում ներկայացված են Արցախի Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններում գտնվող առավել կարեւոր պատմական հուշարձանները՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, ամրոցներ, կամուրջներ, որոնք այժմ թշնամու վերահսկողության տակ են, եւ վտանգված է դրանց գոյությունը։ Ցուցադրված են նաեւ լուսանկարներ Քարինտակից, Թալիշից, Շուշիից, որոնք արդեն քանդվել են պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Լուսանկարների հեղինակները՝ երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Լեւոն Մկրտչյանը, տողերիս հեղինակը, Սլավա Սարգսյանը, Համլետ Պետրոսյանը, Գագիկ Սարգսյանը, Սասուն Դանիելյանը, Գայանե Բուդաղյանը եւ այլք, մոտ 2 տասնամյակ ու ավելի շրջել են տարածքում, լուսանկարել ու փաստել մեր պապերի թողած ավելի քան երկհազարամյա ժառանգության մասին։ Եվ այսօր մի արհեստական պետություն, որը կազմավորվել է 100 տարի առաջ խորհրդա-թուրքական իշխանությունների կողմից, իրեն հռչակում է այս ամենի տերը։
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ կարեւորելով միջոցառման դերը։ Անդրադարձավ մեր ազգային-ազատագրական շարժման 34-ամյա ուղուն՝ տեղեկացնելով, որ ցուցահանդեսին ներկա են նաեւ այդ շարժման ակտիվիստներ։ Կարեւորեց նաեւ այն փաստը, որ ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Խոսելով արդեն ավերված հուշարձանների, այժմ գերության մեջ մնացած եւ դրանց անհայտ ճակատագրերի մասին՝ նշեց, որ 21-րդ դարում իրականացվում է նաեւ մշակութային ցեղասպանություն։ Առավել վտանգավոր համարեց այն, որ թշնամին բռնագրավված տարածքներում վերացնելով հայոց հազարամյա ժառանգությունը, կփորձի վերացնել նաեւ Արցախի հայկական լինելը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: