Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԽ նիստը, Պուտինի ելույթը եւ միամիտ հայերը

Փետրվար 23,2022 10:00

Քանի որ արտաքին քաղաքականության հայաստանցի մասնագետները մոտակա 2-3 օրերի ընթացքում լայնորեն մեկնաբանելու եւ քննարկելու են Ուկրաինայի հետ կապված վերջին զարգացումները, ես կփորձեմ պարզապես ձեւակերպել իմ տպավորությունները:

1/ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստի հեռարձակումը ցույց տվեց, որ այդ երկրում չկան պետական ինստիտուտներ եւ պետական գործիչներ՝ այդ հասկացությունների դասական իմաստով: Ինչպես եւ Հայաստանում, Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայում եւ այլուր, կան վախվորած պալատականներ, որոնց ուշքն ու միտքը «թագավորի» մտադրություններն ու մտքերը կռահելն է եւ ժամանակին հնչեցնելը: Պուտինը, բնականաբար, այդ մարդկանց հետ խորհրդակցելու ոչ մի կարիք չունի, նա անգամ նախօրոք տեղյակ էլ չի պահում իր մտադրությունների մասին, եւ պալատականները որեւէ հնարավորություն չունեն ԱԽ նիստերին նախապատրաստվելու եւ լուրջ քննարկում ծավալելու:

2/ Ռուսաստանի նախագահը, հակառակը՝ լավ էր նախապատրաստվել այդ օրվան, ինչի մասին է վկայում նրա մեկ ժամանոց ելույթը, որն, իհարկե, չէր կարող իմպրովիզացիա լինել: Նա բավականին ծավալուն նյութ էր ամփոփել՝ բերելով բազմաթիվ պատմական փաստեր եւ թվեր: Դրանք շատ դեպքերում ճիշտ էին, իսկ մեկնաբանությունները՝ հաճախ կասկածելի: Օրինակ, միանշանակ չէ, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ միությունից դուրս գալու իրավունքը ԽՍՀՄ փլուզման հիմնական պատճառն էին:

Բայց ամենաուշագրավը Պուտինի ելույթում այն էր, որ հիմնական՝ «արձանագրային» մասը խիստ հակասության մեջ էր «եզրակացության» հետ: Այն ամենից հետո, ինչ նա ասաց Ռուսաստանի կայսրության, չարամիտ բոլշեւիկների, Ուկրաինայի, նրա ժողովրդի տառապանքների եւ ՆԱՏՕ-ի ուխտադրուժ վարքի մասին, սպասելի էր, որ Պուտինը կհայտարարի ամբողջ Ուկրաինան, Լեհաստանը եւ Բալթյան երկրները Ռուսական կայսրությանը միացնելու մասին՝ այդ կայսրության սահմանները վերականգնելու նպատակով: 50 րոպեանոց պատմաքաղաքական «նախաբանից» հետո, սակայն, Ռուսաստանի նախագահն ասաց, որ ՆԱՏՕ-ի դեմ «պատասխան միջոցներ» կկիրառի (չասաց, թե ինչպիսի) եւ, որ ճանաչում է Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները (որոնք, ի դեպ, համանուն մարզերի 1/3-ն են):

3/ «Դե, որ Ուկրաինան Լենինն է ստեղծել, Ադրբեջանն էլ Ստալինն է ստեղծել: Որ Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչել է, ուրեմն ԼՂՀ-ն էլ պետք է ճանաչի», – միամտաբար առաջարկում է հայաստանցիների մի մասը: Դրան կարելի է պատասխանել հետեւյալը. գերտերությունները ճանաչում են այն, ինչ իրենց է ձեռնտու ճանաչել եւ հակառակը՝ տարածքային ամբողջականության ջերմ ջատագովներ են, երբ ճանաչումն իրենց ձեռնտու չէ: Մասնավորապես, Արցախի հարցով ՌԴ նախագահը բազմիցս հայտարարել է, որ բոլոր միջազգային օրենքներով դա Ադրբեջանի մաս է: Ինչ-որ միասնական սկզբունքներ փնտրելն այստեղ անիմաստ է:

4/ «Տեսա՞ր, Պուտինն իր ազգի համար ինչեր արեց», – մեկ այլ պարզամիտ դատողություն է: Այս հարցում էլ խորհուրդ կտայի չշտապել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Կարևորը ռուսաստանի պատմության դասագրքերում կգրվի,որ Վլադիմիր Վլադիմիրովիչը վերականգնեց Ռուսաստանի սահմանները,լուծեց երկրում առկա տարաձայնությունները,իսկ դրանից հետո ինչ եղավ, դա արդեն հաջորդ ղեկավարի մեղքը կլինի։
    Օրինակ Թուրքիան օգնում է Ադրբեջանին,միայն նրա համար,որ Ադրբեջանում հիմնականում ապրում են թուրքեր,ռուսները օգնում են իրենց ռուսներին Դոնբասում և Լուգանսկում մենք փորձում ենք օգնել մեր հայերին Արցախում ու այս ամենը անթաքույց,հրապարակավ։Այսինքն,մի կողմից աշխարհը,ասում է,որ չի կարելի ռասայական, կրոնական պատկանելիությամբ մարդկանց վերաբերվել լավ կամ վատ,մյուս կողմից երբևէ չեմ լսել,որ Եվրոպական կառույցները քննադատեն նման ձևակերպումները։

  2. Լավատես says:

    Եկել է փոփոխությունների ժամանակաշրջանը, ինչի մասին երազում էինք տասնամյակներով, այսօր մեծ ճիգեր գործադրելով՝ մտավոր, հոգեւոր եւ ֆիզիկական, կարող ենք իրագործել այդ երազանքները: Փոփոխությունների ժամանակաշրջանում լինում են երկու ծայրահեղ ելքեր՝ կամ շատ լավ կամ շատ վատ, եթե բավարար ճիգեր գործադրես, կունենաս շատ լավ ապագա, եթե այդ ճիգերը բավարար չլինեն, կունենանք համապատասխանաբար շատ վատ կամ էլ ընդհանրապես ոչ մի ապագա: Որո՞նք պետք է լինեն այդ ճիգերը: Սուբյեկտայնության կտրուկ աճ կառավարման հիերարխիայի բոլոր աստիճաններում, սուբյեկտայնություն նշանակում է, որ դու ի վիճակի ես արդյունավետ մտավոր, հոգեւոր եւ ֆիզիկական ազդեցություն ունենալ կառավարման գործում, օբյեկտը սպառողն է, լուռ ենթարկվողը, պատիժ կրողը, բայց զատո ոչ մի պատասխանատվություն չի կրում, սուբյեկտը՝ կառավարողը, որոշում կայացնողը, պատասխանատվություն կրողը, այսօրվա ժողովրդավարական ընտրությունները խաբկանք են՝ ժողովուրդը մտածում է, թե ինքն է ընտրելով կառավարում, իսկ իրականում ժողովուրդը կառավարման սպառողի կարգավիճակում է՝ դիմակը հագի, դիմակը հանի, ժողովուրդը պատասխանատվություն չի կրում իր ընտրյալների արած սխալների համար: Մենք այսօր հնարավորություն ունենք բարձրացնել սուբյեկտայնությունը բարձրացնելով ինքնապատասխանատվությունը, ո՞նց չհիշես մեր մեծերի՝ Հենրիկ Մալյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի Մենք ենք մեր սարերը ֆիլմի ինքնադատավարությունը: Այսպիսով, ընտանիքում առավել աշխատունակ արհեստավարժ մասնագետ կազմը՝ դա մամա պապաներն են, որոնք պատասխանատվություն են կրում իրենց երեխաների եւ երեխաների տատիկ պապիկների համար եւ որոնց միաձայն ընտրում են բոլոր երեխաները եւ տատիկ պապիկները, որով խոստանում են ենթարկվել մամա պապաների բոլոր որոշումներին, իսկ մինչ այդ որոշումների ընդունումը, բոլորը մասնակցում են այդ որոշումների մշակմանը, իսկ մամա պապաների կոդեքսը խախտող մամա պապաներին զրկում են ընտանիքում կառավարելու ծնողական իրավունքից:
    Ոչ թե մեծամասնությունը, այլ միաձայն եւ քանի դեռ ընտանիքի անդամներից գոնե մեկը դեմ է, ընտրությունը անվավեր է: Այդ դեմերն էլ կազմում են ընդդիմությունը, որին մնացած մեծամասնությունը պարտավոր է համոզել եւ ոչ թե ստիպել: Միաձայն ընտրելուց հետո ով խախտեց մամա պապաների ընդունած որոշումը, պատասխանատվություն է կրում՝ ում ինտերնետից են զրկում, ում սերիալից: Սա սուբյեկտայնության նախապայմաններն են:
    Միաժամանակ մամա պապաները իրենց օրինակով դաստիարակում են իրենց երեխաներին որոշում կայացնելու եւ դրանց համար պատասխանատվություն կրելու գիտությունն ու արվեստը, ներգրավելով երեխաներին ընտանեկան խնդիրների լուծմանը: Սա կառավարման առաջին աստիճանն է, մեր գիտնականները պետք է օգնեն ապագա մամա պապաներին ընտանեկան կառավարման գիտությունն ու արվեստը մանկապարտեզում եւ դպրոցում որպես հիմնական առարկա դասավանդելու գործում: Կառավարման հիերարխիայի հաջորդ աստիճանը համայնքն է, որտեղ ընտանիքները միաձայն ընտրություն են կատարում եւ անվերապահորեն կատարում ընտրյալների հրամանները՝ նախապես մասնակցելով այդ հրամանների մշակմանը: Հաջորդ աստիճանը պետությունն է, որտեղ համայնքները միաձայն ընտրում եւ անվերապահորեն ենթարկվում են պետական հրամաններին: Եւ այսպես շարունակ հիերարխիայի բուրգով դեպի վեր: Միաձայնությունը կարող է սովետի կոլխոզնիկների ոտքի կանգնելն ու ծափահարելը հիշեցնի՝ շատ ճնշող պատկեր էր, չնայած այդ մարդիկ իրենց գործի մեծ վարպետներ էին, բայց քաղաքականապես՝ մանկապարտեզ, ինչպես այսօր մեր ընտրողների մեծամասնությունը: Ինձ ավելի հոգեհարազատ է , երբ ընտրողները ընտրության ժամանակ փակվում են մի սենյակում, նրանց ուտել խմել քնելը ապահովում են, բայց քանի դեռ միաձայն ընտրություն չեն կատարել, սենյակից ոչ մեկին բաց չեն թողնում: Աշխարհի խելոք հայեր ու հայասերներ, միացե՛ք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28