«Առավոտը» ներկայացնում է լիբանանահայ բլոգեր Պետրոս Մանուկյանի հիշողությունները՝ Լիբանանում տեւած 15-ամյա պատերազմի, դրա հետեւանքների, հայ ընտանիքների տրամադրությունների վերաբերյալ:
Լիբանանյան պատերազմը պիտակավորված է՝ որպես քաղաքացիական պատերազմ: Ես նրանցից եմ, ով այս սահմանումը համարում է իրականությանը չհամապատասխանող, թերի: Ճիշտ է, յուրաքանչյուր հանրապետություն ունի իր վեճերը եւ ոմանք միշտ զգում են, որ ամեն ինչ արդար չէ իրենց համար, բայց դա անպայման չի հանգեցնում արյունալի հակամարտության:
Լիբանանի դեպքում, ինչպես դա տեղի ունեցավ, մուսուլմանները դժգոհ էին, Սահմանադրությունն ու համակարգը այնպիսին էին, որ նախագահը, ով զինված ուժերի բարձրագույն հրամանատարն է, ինչպես նաեւ բանակի հրամանատարը, միշտ պետք է լինի քրիստոնյա մարոնիտ, վարչապետը՝ մուսուլման սուննի, իսկ խորհրդարանի նախագահը մուսուլման շիա:
Հավանաբար ճիշտ է նաեւ, որ այն ժամանակ մուսուլմանները համեմատաբար ավելի աղքատ էին, մուսուլմանները ընտրում էին ձախը, մինչդեռ քրիստոնյաները՝ աջերը պաշտպանում էին լիբանանյան ազգայնականությունը, մուսուլմանները դա տեսնում էին որպես քրիստոնեական ուղղվածություն՝ Լիբանանը արաբական շրջապատից մեկուսացված պահելու համար: Երբ այն, ինչ հայտնի էր որպես «պաղեստինյան դիմադրություն», մտավ Լիբանան, քրիստոնյաները զգացին անհանգստություն, նրանք անհանգստացան, որովհետեւ պաղեստինցիները միշտ ռազմական առճակատման մեջ էին Իսրայելի հետ, Լիբանանը միշտ վճարում էր պաղեստինյան ռազմական գործողությունների գինը։ Իսրայելի դեմ պաղեստինյան ֆիդայական գործողությունների օգտին, քրիստոնյաները համերաշխ էին պաղեստինյան դատի հետ, սակայն պահանջում էին դադարեցնել այդ գործողությունները: Այսպիսով, այստեղ սկսվեց բանավեճը, հակամարտությունը, մուսուլմանների ձախերը տեսան պաղեստինյան ռազմական ուժը որպես հավասարակշռությունը փոխելու եւ ավելի շատ իրավունքներ պահանջելու հնարավորություն, քրիստոնյաները հրաժարվեցին ենթարկվել արտաքին ռազմական ազդեցությանը, հետեւաբար, դա արտաքին գործոն էր, վեճը շուտով վերածվեց ռազմական բախման՝ մի կողմից քրիստոնյաների եւ մյուս կողմից՝ պաղեստինամուսուլմանական դաշինքի միջեւ:
Կարդացեք նաև
Շուտով սիրիական բանակը նույնպես մտավ Լիբանան՝ ռազմական հակամարտությունը դադարեցնելու եւ խաղաղությունն ու անդորրը վերականգնելու հայտարարված առաքելությամբ, բայց դա դարձավ շատ ավելի վատ տարր: 1978-ին քրիստոնյաները պահանջեցին սիրիական բանակի դուրսբերումը Լիբանանից, իսկ սիրիական բանակը, որը պետք է վերջ դներ բռնությանը, բացեց դժոխքի դարպասները, եւ քրիստոնեական շրջանները ենթարկվեցին աննախադեպ ռազմական ինտենսիվ բռնության: Ի վերջո, սիրիական բանակը չկարողացավ ջախջախել քրիստոնեական դիմադրության կամքը եւ հեռացավ քրիստոնեական քաղաքներից։
Պատերազմը տեւեց 15 տարի, 1990-ին վերջապես պատերազմն ավարտվեց, բայց ինչ գնով եւ ինչ հետեւանքներով, փորձեմ ներկայացնել:
1989 թվականին, լիբանանյան բանակի լեգեոնների՝ ռազմական կառավարությանը հավատարիմ գեներալ Միշել Աունի (ներկայում՝ Լիբանանի նախագահ) եւ սիրիական բանակի գլխավորած ռազմական կառավարությանը հավատարիմ մի ամբողջ տարվա կռվից հետո, լիբանանցի պատգամավորները գնացին Սաուդյան Արաբիայի Թաիֆ քաղաք։ Ստորագրեցին «Թաիֆի համաձայնագիրը» (այս պայմանագրով նախագահի իրավունքները փոխանցվել են կառավարությանը, եւ հստակ չի նշվել, թե երբ է սիրիական բանակը լքելու Լիբանանը)։ Գեներալ Աունը հրաժարվեց համաձայնությունից, երբ սպառնալիք կար, որ սիրիական բանակը կհարձակվի Արեւելյան Բեյրութի վրա, մեկ այլ քրիստոնյա առաջնորդ՝ Լիբանանի զորքերի ղեկավար Սամիր Ջաաջաան հայտարարեց, որ կանի ամեն ինչ, որպեսզի խուսափի նման հարձակումից (1989 թ): Անսպասելի գեներալ Աունի բրիգադները հարձակվեցին լիբանանյան ուժերի վրա, եւ մինչ օրս ոչ ոք չի կարող ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ է դա տեղի ունեցել, չնայած հարյուրավոր տեսություններ են տրվել։
1990 թվականին սիրիական բանակը վերջապես մտավ Արեւելյան Բեյրութի ազատ տարածքներ` նախագահական պալատը եւ պաշտպանության նախարարությունը Սոխոյի ռազմական ինքնաթիռներով ռմբակոծելուց հետո, լիբանանյան բանակը հանձնվեց, քրիստոնյաների ազատ տարածքները, տարածքներ, որոնք ազատագրվեցին եւ պաշտպանվեցին այնքան թանկ գնով (1978-1990): Նրանք ընկան, ընկան սիրիական օկուպացիայի ձեռքը, ամեն ինչ կորավ, մեր բոլոր հույսերը փշրվեցին, Ազատ Լիբանանն այլեւս չկար: Ճիշտ է, այս պարտությամբ քրիստոնյաները պարտվեցին, բայց իրականությանը չի համապատասխանում այն, որ պատերազմում հաղթեցին մահմեդականները, կորավ Լիբանանը, ընկավ հանրապետությունը, մայրիների երկիրը, իմ ծննդավայրը, իմ սիրելի երկիրը:
Այո, հաստատվեց խաղաղություն, որն այնքան էլ ամուր չէր, այն խախտվում էր 5-10 տարին մեկ, բայց դա ռազմական անդորր էր, Լիբանանը կորցրեց իր ինքնիշխանությունը, անկախությունը, կորցրեց իր ազատ ազգային որոշումը, ներդաշնակությունը քաղաքացիների միջեւ։ Քրիստոնեական կողմն իրեն խորապես պարտված, կոտրված էր զգում, մուսուլմաններն իրենց հաղթանակած չէին զգում: Բոլոր վերջնական որոշումները կառավարվում էին Դամասկոսի կողմից: Լիբանանցիները չկարողացան կառավարել նույնիսկ ներքին հարցերը: Այն բանից հետո, երբ քրիստոնյա նախագահի օրենսդիր լիազորությունները փոխանցվեցին կառավարությանը, որի վարչապետը մուսուլման սուննի է, կանոնը հարթ եւ արդյունավետ չէր, անհասկանալի էր, դա շփոթություն էր, գործնականում անդամալույծ էր, եւ ամեն անգամ կառավարիչները ստիպված էին դիմել Դամասկոսին վերջնական որոշում կայացնելու համար: Սկսվեց «Քրիստոնեական հիասթափության» (բարոյալքման) մեծ դարաշրջանը: Քրիստոնյա առաջնորդներից մեկը՝ գեներալ Աունը վտարվեց Ֆրանսիա՝ աքսոր, մյուս քրիստոնյա առաջնորդը՝ Լիբանանի ուժերի առաջնորդ Սամիր Ջաաջաան, պահանջեց, որ Թաիֆի համաձայնագիրը (որն ավարտեց պատերազմը), իրականացվի: Այն բանից հետո, երբ Ջաաջաան հասկացրեց, որ ինքը կդառնա ընդդիմություն, նրան մեղադրեցին եկեղեցու ներսում պայթյուն կազմակերպելու մեջ եւ բանտարկվեցին։ Սկսվեց Լիբանանի եւ քրիստոնյաների ամենամութ դարաշրջանը:
Սիրիան ամբողջովին երկաթյա բռնակով տիրել էր Լիբանանին, ոչ միայն լիբանանցի արաբ քրիստոնյաներն էին ջախջախված զգում, այլեւ հազարավոր հայեր, այդ թվում՝ ես, եւ որպես հայրենասեր լիբանանցի, ազատասեր եւ քրիստոնյա: Հայկական ավանդական ուժերն արդեն որդեգրել էին մի քաղաքականություն, որը ես համարում էի, որ անհեռատես սխալ էր:
1992-ին ընտրություններ եղան, քրիստոնյաները բոյկոտեցին, շատ մուսուլմաններ նույնպես բոյկոտեցին՝ ի նշան համերաշխության քրիստոնյաների հետ, մինչդեռ հայերը մասնակցել էին ընտրություններին, հայեր, որոնք ապրում էին հիմնականում քրիստոնեական շրջաններում: Ես այդ ժամանակ 19 տարեկան էի եւ իրավունք չունեի ընտրելու:
(շարունակելի)
«Առավոտ» օրաթերթ
22.02.2022