Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի ստամբուլյան «գաղտնիքը»

Փետրվար 23,2022 12:00

Նա 1999-ին իր իսկ ստորագրած փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում է ներկայացնում՝ դիտավորյալ խեղաթյուրելով հռչակագրի բովանդակությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ընդդիմադիրի իր կեցվածքում, ինչ-որ առումով բավական շահավետ դիրքերում է հայտնվել: Ներկայիս իշխանության անհեռանկար քաղաքականությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որն ի վերջո հանգեցրեց 44-օրյա պատերազմի, հիմա նպաստավոր պայմաններ են ստեղծել, որպեսզի Քոչարյանը հասարակությանը ներկայացնի Հայաստանը ղեկավարելու իր «բարի» ժամանակաշրջանը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման եւս բացառություն չէ. ընդդիմադիրներն էլ մեղադրելով իշխանությանը, կարծես, հույս ունեն, որ մարդիկ կամ չեն ծանոթանա իրենց առաջնորդի ղեկավարման տարիներին ընդունված այս կամ այն փաստաթղթին, իսկ որ առավել կարեւոր է՝ եթե կարդան էլ, առանձնապես չեն հասկանա, թե ինչ են կարդում: Չէ՞ որ «սատանան մանրուքներում» է…
Այն, որ 44-օրյա պատերազմից առաջ իշխանությունները տապալել են բանակցային գործընթացը եւ Ադրբեջանի դիրքորոշումն էլ ավելի կոշտացնելու հարցում պաշտոնական Երեւանի վարած քաղաքականությունը պատերազմի հանգեցրեց, իսկ պատերազմի ժամանակ Հայաստանի գործընկեր, դաշնակից պետությունները չեզոք դիրքում էին թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունների նկատմամբ, սա միանշանակ օրվա իշխանության ձախողումն է: Ներկայիս իշխանությունը ընդդիմադիրների ակնառու քննադատությունները պետք է ընդունելու համարձակություն ունենա, իր գործություններով՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի ու հաշվետու լինի հասարակությանը, թե իրենք ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի շտկեն, լուծեն այս կամ այն խնդիրը:

Ցանկացած ձախողման հիմքը նախկինների վրա բարդելու անփոփոխ քաղաքականությունը բացարձակապես չի նվազեցնում գործող իշխանության մեղքի բաժինը որեւէ հարցում, առավելեւս՝ ԼՂ կարգավորման գործընթացի նման ճակատագրական նշանակության հարցի պարագայում:

Բայց այսօր անդրադառնանք մեկ այլ արատավոր ավանդույթի: Անցյալ շաբաթ Ռոբերտ Քոչարյանն ինքնավստահ փորձեց Նիկոլ Փաշինյանին մեղադրել ստախոսության մեջ՝ անդրադառնալով վերջերս նրա մի հայտարարությանը, թե Հայաստանը 1999-ին Ստամբուլում Քոչարյանի իշխանավարման տարիներին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ստորագրելով ԵԱՀԿ գագաթնաժողովի հռչակագիրը: Քոչարյանը մամլո ասուլիսում ասաց. «Մի մարդ, որ դեռեւս մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է մի հայտարարություն եւ որեւէ մեկը չի փորձել կարդալ, հասկանալու համար այս մարդը հերթական անգամ ստո՞ւմ է, թե՞ գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճիշտ է ասում: Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել: Այդ մարդը ստում է: Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից է եղել այդ տարիներին: Բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են բանակցային գործընթացով, կառաջարկեմ կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջերը: Այնտեղ կան մանրամասներ հետսովետական բոլոր կոնֆլիկտների մասին, բոլոր տեղերում գրված է՝ մենք հարգում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը եւ որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում: Մոլդովայի, Վրաստանի, Ռուսաստանի եւ միայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Հիմա տեսեք, թե ուր ենք հասել, որ Լիսաբոնից հետո հենց Ստամբուլում մենք ստացանք այդ փաստաթուղթը»: Ապա՝ Քոչարյանը հավելեց, որ հանրային ընդունված վարքագիծ կա՝ կապ չունի, թե որքան ազնիվ ես, մեկ է՝ հավատում են նրան, ով վարժ ստում է. «Եթե վարժված ես ստելու, անում ես առանց ամոթի, թատերական ներկայացումներով, քեզ հավատում են»:

Օրվա իշխանությանը մեղադրելով ստախոսության մեջ, Քոչարյանն էլ իր հերթին չներկայացրեց ճշմարտությունը Ստամբուլյան փաստաթղթի վերաբերյալ: Նախ, սկսենք նրանից, որ փաստաթղթի «Ստամբուլյան խարտիա» բաժինը ոչ թե 48 էջից, այլ՝ 15 էջից է բաղկացած, դրույթները ամփոփված են 52 կետերով: Իսկ առանձին երկրներին վերաբերող դրույթներն ամփոփված են փաստաթղթի 58 էջերում՝ 48 կետերով:

Քոչարյանը հայտարարեց, թե այդ փաստաթղթում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշատակում չկա՝ ԼՂ-ի մասով, սակայն նա մոռացության մատնեց մեկ այլ բավական կարեւոր փաստ՝ նույն փաստաթղթում որեւէ տեղ չի հիշատակվել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը:

Ավելին, Քոչարյանը մեծ ձեռքբերում համարեց այն, որ հետխորհրդային այլ հակամարտությունների վերաբերյալ կետերում շեշտվել է երկրների տարածքային ամբողջականությունը, սակայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Բայց ճշմարտությունն այլ է. Ստամբուլում ստորագրվել է կարեւոր փաստաթուղթ՝ Եվրոպական անվտանգության խարտիան, որն անվանվել էր՝ «21-րդ դարի Սահմանադրություն ԵԱՀԿ-ի համար», եւ բացի այն, որ ողջ փաստաթղթում չի հիշատակվել ազգային ինքնորոշման սկզբունքը, այլեւ նրանում հստակ, հատուկ ընդգծվել է տարածքային ամբողջականության սկզբունքի անխախտելիությունը՝ հռչակագրի 16-րդ եւ 19-րդ կետերում:

Ահա հռչակագրի 16-րդ կետը. «ԵԱՀԿ շրջանակներում մեր պարտավորություններին համապատասխան՝ մենք անհապաղ անց ենք կացնելու կոնսուլտացիաներ անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության իրականացման աջակցություն որոնող մասնակից-պետության հետ, եթե նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը գտնվում են սպառնալիքի տակ: Մենք համատեղ ջանքերով կդիտարկենք նման սպառնալիքի բնույթը եւ այն հարցը, թե ինչ գործողություններ կարող են անհրաժեշտ լինել պաշտպանելու համար մեր ընդհանուր արժեքները»:

Իսկ սա հռչակագրի 19-րդ կետն է. «Մարդու իրավունքների լիակատար հարգումը, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները, հանդիսանալով ինքնանպատակ, չեն կարող խաթարել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սակայն կարող են ամրապնդել դրանք: Ինքնավարության բազմաթիվ կոնցեպտները, ինչպես նաեւ վերոհիշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումները, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, հանդիսանում են գոյություն ունեցող պետության ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային եւ կրոնական ինքնօրինակության պաշտպանության եւ խրախուսման միջոցներ»:

Այսինքն, այս երկու կետերում ոչ միայն շեշտվում է պետությունների տարածքային ամբողջականության անխախտելիության հիմքը, ավելին, ընդգծում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները չեն կարող խաթարել տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը՝ կարող են ամրապնդել այն: Հետեւաբար, ցանկացած նման փորձ կհամարվի սպառնալիք՝ ուղղված ընդդեմ երկրների տարածքային ամբողջականությանը:

Ինչպե՞ս կմեկնաբանի Քոչարյանը հռչակագրի վերոնշյալ երկու կետերը, ի՞նչ են սրանք ենթադրում, եթե ոչ՝ պետությունների տարածքային ամբողջականության ամրապնդման հիմք: Քոչարյանին ձեռնտու էր լրագրողների ուշադրությունը հրավիրել փաստաթղթում Մոլդովայի, Վրաստանի, Ռուսաստանի վերաբերյալ պարբերությունների վրա, որտեղ հիշատակվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, սակայն նա միտումնավոր անտեսել է հռչակագրի 16-րդ եւ 19-րդ կետերը, որոնք պետությունների տարածքային ամբողջականության անխախտելի հիմքն են արձանագրել:

Ինչ վերաբերում է հռչակագրի՝ Ղարաբաղի վերաբերյալ հատվածին, ապա այն ստանդարտ տեքստ է. «Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ներկայիս իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին եւ գնահատում ենք նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացած երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որոնց հերթական հանդիպումները պայմաններ ստեղծեցին դրա տեւական ու համապարփակ լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու համար: Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը եւ կոչ ենք անում շարունակել այն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման հույսով։ Միեւնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն եւ դրա Մինսկի խումբը, որը կարգավորում փնտրելու ամենահարմար ձեւաչափն է մնում, պատրաստ են աջակցել հետագա խաղաղ գործընթացի առաջխաղացմանը եւ դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ կողմերին բոլոր անհրաժեշտ օգնության տրամադրման միջոցով»: Ինչպես նկատում ենք, այս կետում կարգավորման որեւէ սկզբունքի վերաբերյալ, առհասարակ, որեւէ հիշատակում չի արվել:

Ամփոփելով, պետք է նախ արձանագրենք, որ երկու տասնյակ տարիներից ավելի առաջ կայացած իրադարձության եւ իր ստորագրված փաստաթղթի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա պնդումները, մեղմ ասած՝ ճիշտ չեն: Եվ իրավիճակը ողբերգական է նրանով, որ նա ստախոսության մեջ է մեղադրում այսօրվա իշխանությանը, սակայն իր իսկ ստորագրած փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում է ներկայացնում դիտավորյալ խեղաթյուրելով այդ հռչակագրի բովանդակությունն ու էությունը՝ ընտրողաբար ներկայացնելով իրեն արդարացնելու համար առավել նպաստավոր այլ դրույթներ:

Հետեւաբար, արձանագրենք, որ ԵԱՀԿ-ի Ստամբուլի գագաթաժողովում ստորագրելով «Եվրոպական անվտանգության խարտիան» եւ ճանաչելով ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունները պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա լուծելու սկզբունքը, Քոչարյանն էլ ինքն իր մասով է թաղել ղարաբաղյան հակամարտությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու հույսերը: Ավելին, իր ստորագրությամբ Քոչարյանը, փաստացի, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղն ընդունել է որպես Ադրբեջանի մաս:

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 22.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28