Լրահոս
Օրվա լրահոսը

Մտքի երկվության ավանդույթը

Փետրվար 23,2022 13:30
Hanrahavaq

Ինչ շրջափուլ ենք մենք անցել 34 տարվա ընթացքում

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների հանդեպ: Այդ քայլն անմիջականորեն առնչվում է ղարաբաղյան շարժման 34-ամյակի հետ, որն Արցախում նշվում էր կիրակի օրը: Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտարարել է. որ Քոչարյանն ու Սարգսյանը 1988 թվականի փետրվարից սկսած հրահրում էին հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ թշնամանքը եւ նպաստում էին ԼՂԻՄ անջատմանը Ադրբեջանական ԽՍՀ-ից: Ահա այդ «հանցագործությունների» համար նրանք, ըստ ադրբեջանական իրավապահների, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:

Իհարկե, հայտարարությունն ունի զուտ քարոզչական բնույթ եւ որեւէ իրավական հետեւանք չի ունենա: Բայց նման քաղաքական քայլն, ըստ ամենայնի, պահանջում է քաղաքական պատասխան մեր պետության կողմից, քանի որ խնդիրն այստեղ բացարձակապես անձերի հանդեպ համակրանքի կամ հակակրանքի մեջ չէ. մեր կողմից, կարծում եմ, ցանկալի կլիներ, որ ձեւակերպվեր հստակ դիրքորոշում: Պետք է ավելի հստակ, քան ՀՀ ԱԳՆ-ի երեկվա հայտարարության մեջ, ասվի. արդյո՞ք ներկայիս Հայաստանը համարում է, որ Ղարաբաղյան շարժումը պայքար էր մեր պատմական հայրենիքի մի մասի ազատագրման, Արցախում ապրող հայերի ինքնորոշման համար, թե՞ դա իսկապես դատապարտելի հանցագործություն էր: Մի խոսքով, այստեղ անհրաժեշտ է պետական մոտեցում:

Բայց խնդիրն այն է, որ մեր քաղաքացիների մեծ մասը նույնպես այս հարցում առնվազն անտարբեր է: Դա վտանգավոր է նրանով, որ վկայում է մեր հասարակության մոբիլիզացիայի ցածր աստիճանի մասին: Իսկ այդ իրավիճակի արմատները խորն են:

Խնդիրը հասկանալու համար պետք է հետ գնանք 1960-70-ական թվականները, երբ պարզ դարձավ, որ «նոր մարդու ձեւավորման» նախագիծը Խորհրդային Միությունում եւ, մասնավորապես, Խորհրդային Հայաստանում տապալվել է: «Ռոմանտիկ» պատկերացումներն այն մասին, որ բռնությամբ ու տեռորով հնարավոր է ստեղծել նոր՝ «շահագործումից ազատ» տնտեսություն եւ նոր հասարակարգ՝ այդ երազանքները երբեք չէին կարող իրականություն դառնալ: Մշտապես եղել են ստվերային հարաբերություններ, որոնք այս կամ այն ձեւով շրջանցելով պաշտոնական հարկադրանքը, արտացոլում էին մարդկանց իրական շահագրգռվածությունները: Դա, ի վերջո, հանգեցրեց կոռուպցիայի ծաղկմանը եւ պաշտոնական կարգախոսների ու իրական կյանքի արմատական հակասությանը, ինչն իր հերթին հանգեցնում էր մտածողության երկվությանը. մի կողմից՝ այն, ինչ պետք է ասվեր «պաշտոնական» շփումների ժամանակ, այն միջավայրում, որտեղ կարող են լինել «ոչ վստահելի» մարդիկ, մյուս կողմից՝ այն, ինչ կարող էր ասվել մտերիմների շրջապատում: Նման երկվությունից անխուսափելիորեն բխում էին անհավատությունը եւ ցինիզմը:

1988-ի փետրվարի 20-ին հետեւած իրադարձությունների ժամանակ թվում էր, որ այդ ցինիզմը հաղթահարվում է, որ հասարակությունն ընդունակ է մոբիլիզացիայի: Բայց 1994 թվականի հրադադարից հետո կրկին ի հայտ եկավ մտքի երկվությունը: Եթե խորհրդային շրջանում «ի պաշտոնե» պետք է խոսվեր «ամբողջ աշխարհում կոմունիզմի անխուսափելի հաղթանակի» մասին, ապա անկախ Հայաստանի պաշտոնական թեման «հայրենասիրությունն» էր: Հարցազրույցներում, բարձր ամբիոններից, կենացների ժամանակ ճոռոմ բառեր էին հնչում «ազգի համախմբման», «տարածաշրջանի ամենահզոր բանակի», «մեր արցախցի քույրերի եւ եղբայրերի» մասին, իսկ ավելի նեղ շրջապատում այդ պաթոսը կորում էր, եւ ճառեր արտասանողները կաշառք էին վերցնում կամ տալիս, գրպանում էին բյուջեի գումարները, հարկերը չէին վճարում: Կենցաղային մակարդակով բավականին նորմալ էր ընկալվում հետեւյալ դատողությունը. «Հա, «ուտում» է, բայց՝ չափավոր, իսկ ընդհանրապես հայրենասեր մարդ է, ժողովրդին էլ օգնում է»: Մյուս կողմից՝ 1998 թվականից հետո, հայտնի պատճառներով, սրվում էին բացասական էմոցիաները «ղարաբաղցիների» նկատմամբ: 34 տարվա ընթացքում մենք, կարծես թե, անցանք այդ ամբողջ շրջափուլը եւ վերադարձանք գրեթե նույն տեղը՝ ապատիա, փոխադարձ անվստահություն եւ անհանդուրժողականություն:

Ամերիկացի ընկերաբան Դեյվիդ Ռիսմանը «Միայնակ ամբոխը» գրքում (1951 թ.) գրում է, որ ամենավատ երկընտրանքը, որի առջեւ կարող է կանգնել հասարակությունը, հետեւյալն է. դու պետք է լինես կա՛մ սխրանքի, զրկանքների պատրաստ նվիրյալ, կա՛մ կոռուպցիոներ եւ ցինիկ: Բայց պետք է սովորել լինել սովորական պարկեշտ մարդ, որը պատրաստ է ձեռք մեկնել այլ մարդկանց: Այլ կերպ հասարակության համախմբվածությանը հնարավոր չէ հասնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28