Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնի մարդ է, որը եթե մահացավ՝ բոլորս կիմանանք, բայց այդ մարդն էլ է պարտավոր տարին մի անգամ գնալ բանկ ասել՝ ես ողջ եմ, չեմ մեռել». Աղվան Վարդանյան

Փետրվար 22,2022 23:23

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ ներկայացրեց ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում:

«Պետական կենսաթոշակների մասին» գործող օրենքով, կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին եւ հայտարարություն ստորագրել ՀՀ-ում գտնվելու մասին: Հայտարարությունը չստորագրելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է: Այդ դրույթը սահմանել են, որ ճշտեն՝ կենսաթոշակառուն ՀՀ-ո՞ւմ է: Սակայն այդ դրույթի կիրառումը խնդիրներ է առաջացնում կենսաթոշակառուների համար՝ նրանց ծանրաբեռնելով որոշակի պարտականություններով:

Բայց ՀՀ-ում ներդրված է Սահմանային Էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (ՍԷԿՏ համակարգ), որտեղ ներառված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս պարզել անձի կողմից սահմանահատում իրականացնելու փաստը:

Ավելին, համաձայն գործող օրենսդրության՝ ՍԷԿՏ համակարգի տեղեկատվությունը հասանելի է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Ուստի Աղվան Վարդանյանն առաջարկում է մարդանց չպարտադրել բանկ գնալ տարին մեկ անգամ. «Հայտնի մարդ է, որը եթե մահացավ՝ բոլորս կիմանանք, բայց այդ մարդն էլ է պարտավոր տարին մի անգամ գնալ բանկ ասել՝ ես ողջ եմ, չեմ մեռել»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, ասաց, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք ՍԷԿՏ համակարգով չեն նույնականացվում: Օրինակ, ՀՀ անձնագրով կարող է շարունակի «գտնվել» Հայաստանում, բայց այլ պետության անձնագրով լքած լինի երկիրը ու չիմանան:

ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ շատ դժվար է համակերպվել, որ այս դարում, երբ գոյություն ունեն տեսաձայնագրումներ, այսպիսի խնդիրներ են առաջանում. «Մենք բանկերին ենք խնդրում, որ քաղաքացուն 8-րդ հարկից գրկած բերեն բանկ, կամ հակառակը՝ բանկը գնա քաղաքացու տուն, մի կերպ փորձում ենք լուծում տալ, բայց սրան պետք է ինստիտուցիոնալ լուծում տալ»: Դավիթ Խաչատրյանն ասաց, որ բանկեր կան, արդեն այդ գործիքն օգտագործում են:

Կառավարությունը, չնայած բացասական եզրակացություն է տվել, բայց նախագիծը համարում է շատ տեղին ու ժամանակին, պարզապես դեռ չեն գտել երկքաղաքացիների համար լուծումը:

Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ 195 երկրներից երկքաղաքացիության ինստիտուտ ունեն քչերը, սա խնդիրը հեշտացնում է:

Այնուամենայնիվ, ՔՊ-ն նախագծին դեմ քվեարկեց ու այն բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28