Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ աշխատած տարիներին միջին կենսաթոշակը 5 տարիների ընթացքում բարձրացել է 6 անգամ, այսինքն՝ 600%-ով». Աղվան Վարդանյան

Փետրվար 22,2022 22:33

Գներն աճում են, թոշակները չեն բարձրանում. Այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը այս հիմնավորմամբ առաջարկում է «Պետական կենսաթոշակի մասին օրենքում լրացում անել:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն, աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի հիման վրա, իսկ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի հիման վրա։

Հիմնական կենսաթոշակի չափը կազմում է 18000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին 10 տարվա համար կազմում է 950 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ: Իսկ զինվորական ծառայության ստաժի 1 տարվա արժեքը կազմում է 1600 դրամ: Պարտադիր ժամկետային զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը կազմում է՝ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40000 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27000 դրամ: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կազմում է 27000 դրամ։ Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը, նվազագույն կենսաթոշակի չափը կազմում է 26500 դրամ։ Այսինքն, համաձայն գործող իրավակարգավորումների՝ կենսաթոշակի չափը որոշում է կառավարությունը, սեփական հայեցողությամբ՝ չունենալով որեւէ ուղղակի պարտավորություն և հաշվի առնելով առկա ռեսուրսներն ու ծախսային առաջնահերթությունները։ Արդյունքում, ըստ հեղինակի հիմնավորումների, ունենում ենք մի իրավիճակ, երբ առկա է կենսաթոշակառուների աղքատացման ռիսկ:

Դրա փոխարեն Աղվան Վարդանյանն առաջարկում է սահմանել, որ աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը ինդեքսավորվում են յուրաքանչյուր տարի։ Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար առաջարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, նվազագույն կենսաթոշակի չափը, ինչպես նաեւ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը ինդեքսավորել սպառողական գների ինդեքսի աճի չափով: Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար առաջարկվում է հիմնական կենսաթոշակի չափը ինդեքսավորվել սպառողական գների ինդեքսի աճի 50 տոկոսի չափով: Իսկ աշխատանքային ստաժի և զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինծառայողի հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերն առաջարկվում է ինդեքսավորել միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխության չափով:

ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանը հարցրեց. «Հիրավի աննախադեպ իրավիճակ է, երբ հանձնաժողովում ներկա են ընդդիմությունից նախկին նախարար եւ փոխնախարար: Հարգելի՛ պարոնայք, ինչու ձեր կողմից նախկինում չի եղել նախագիծ ինդեքսավորման համակարգ ներդնելու, ի՞նչն էր խոչընդոտը»:

Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Դեռեւս այն ժամանակ այս խնդիրը միշտ օրակարգում եղել է, բայց իմ աշխատած տարիներին միջին կենսաթոշակը 5 տարիների ընթացքում բարձրացել է 6 անգամ, այսինքն՝ 600%-ով: Տնտեսության վիճակով է պայմանավորված աշխուժությունը: Մենք կարողացել ենք առաջանցիկ տեմպերով հասնել սրան: Մենք 550 հազար մարդկանց գնողունակության ակնհայտ նվազում հիմա ունենք: Ունենք դեպքեր, երբ պարենային զամբյուղը չենք կարողանում ապահովել այդ մարդկանց»:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ մեռելածին օրենք կունենանք ու ինդեքսավորման համակարգ ներդնելու համար չկա նախագծում, թե ով է կարգը սահմանելու: Ըստ նրա, նախագիծն ունի լրամշակման կարիք:

Աղվան Վարդանյանի պնդմամբ նախագիծը դրվեց քվեարկության եւ բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28