Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բնակիչները պատվաստանյութերի հասանելիություն չունեն, ինչը լուրջ խնդիր է

Փետրվար 22,2022 21:44

Փետրվարի 22-ին Երեւանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը:

Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության եւ պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին:

Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Նիստի մասնակիցները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բախվում են երկրները պատվաստման ծրագրերն իրականացնելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչները հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել, մանրամասնել համավարակի դեմ պայքարի վիճակագրական տվյալները:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը նշել է, որ Արցախի բնակիչները պատվաստանյութերի հասանելիություն չունեն, ինչը լուրջ խնդիր է: Ընդգծելով, որ Հայաստանը պատվաստանյութերի որոշակի չափաքանակ տրամադրել է ԼՂ բնակչությանը՝ պատգամավորը շեշտել է, որ, այդուհանդերձ, դա խնդրի ամբողջական լուծում չէ: Այս հարցում նա կարեւորել է գլոբալ համագործակցությունը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ու Արթուր Ղազինյանը խոսել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու դեպքերի, արգելված զինամթերքի օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովների ներկայացուցիչներին` նման ծանր պայմաններում Հայաստան այցելելու եւ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու, իսկ ԵՄ պատվիրակությանն ու ԵՄ դեսպանին` վեհաժողովի աշխատանքների կազմակերպչական հարցերում աջակցելու համար:

ԵԽ անդամ Յուազես Օլեկասը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը ջերմ հյուրընկալության համար՝ մաղթելով հաջողություններ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28