«Չէի ուզում ասել, բայց դուք ինձ ստիպեցիք։ Ադրբեջանն ու Թուրքիան աշխարհում միակ երկրներն են, որոնք խախտել են ՄԱԿ-ի՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ռազմական գործողությունները չվերսկսելու պահանջը»,-ի պատասխան Միլլի Մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամադովի ելույթին, ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների՝ Երեւանում ընթացող նիստում, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ պատմում էին, թե ինչպես են պայքարել COVID-19-ի դեմ, պատվաստումային գործընթացն ինչ փուլում է եւ այլն, Ադրբեջանի պատվիրակության անդամ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամադովն իր ելույթում վստահեցրեց, որ Ադրբեջանը վերահսկողության տակ է պահում համաճարակաբանական իրավիճակը Ղարաբաղում:
«Լեռնային Ղարաբաղի այդ հատվածը, որտեղ հայեր են ապրում, մեր վերահսկողության տակ է։ Բնակչության պատվաստումն իրականացվում է ռուս խաղաղապահների ու դիտորդների կողմից։ Ադրբեջանը երաշխավորում է բոլոր փոքրամասնություններին հավասար իրավունքները, այդ թվում՝ որոշակի ծառայություններից օգտվելու հարցում։ Դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող ազգային փոքրամասնություններին։ Այնպես որ, պատվաստումների մեր ծրագիրը, որը հաջողությամբ իրականացվում է, իրականացվել է երկրի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում»,-ասաց Սոլթան Մամադովը:
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը արձագանքելով ելույթին ասաց. «Լեռնային Ղարաբաղը վերահսկվում է ոչ թե հայերի, այլ մարմինների կողմից, որոնք ընտրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների կողմից։ Խոսքը նախագահի ինստիտուտի, պետական կազմավորմանը բնորոշ այլ ինստիտուտների մասին է»։
Հայկական պատվիրակության ներկայացուցիչ՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին զարմացրեց ադրբեջանական կողմի հայտարարությունները, ինչի առիթով նա ադրբեջանցի պատգամավորի ելույթը որակեց կեղծավորություն:
«Ինձ ապշեցրեց այն, ինչ լսեցի այստեղ։ Հոգածություն Արցախի ժողովրդի համա՞ր: Ժողովրդի պատվաստում: Դե իհարկե։ Չէ որ, որպես իրենց մտահոգության դրսեւորում, նրանք ռումբեր էին օգտագործում։ Նրանք այդպես էին «պատվաստում» Արցախի թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում ապրող բնակչությանը։ Մտածելով քովիդի մասին՝ նրանք իրենց հայացքն ուղղեցին Ստեփանակերտում գտնվող հիվանդանոցին: Նրանք մտածում էին հիվանդների մասին, ովքեր համբերատար համապատասխան բուժման էին սպասում: Կարծում եմ՝ մենք կեղծավորության մի հրաշալի օրինակի ականատես եղանք»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
«Հայաստան դաշինքի» մեկ այլ ներկայացուցիչ էլ՝ Արթուր Ղազինյանը հիշեցրեց՝ ինչպես էր 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանն արգելված զինատեսակներ օգտագործում հրկիզելով Արցախի անտառները, թունավորելով բնակչությանը, երբ կորոնավիրուսի թեժ ժամանակաշրջանում ամբողջ աշխարհը կոչ էր անում կրակը դադարեցնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ