Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ-ի երեք ընդդիմադիր խմբակցությունները կոչ են անում Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահներին հրատապ կազմակերպել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ

Փետրվար 22,2022 21:12

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունները Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ հանդես են եկել հետևյալ կոչով.

«Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև նվազող հարաբերությունների ֆոնին ՀՀ վարչապետը ջերմ ընդունելություն է կազմակերպում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներին: Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների հետ, իսկ այսօր այդ պատգամավորները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին ջերմ ընդունելության համար:

Անհանգստացնող է այն հանգամանքը, որ որևէ տեղեկություն չկա այն մասին, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության և լայն հասարակությանը հուզող իրական խնդիրները՝ կապված անվտանգության, հայ գերիների վերադարձի, օկուպացված տարածքներում մշակութային արժեքների ոչնչացման և մարդու իրավունքների ոլորտում օր օրի վատթարացող հարցերը։

Ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր ենք համարում երկու հայկական պետությունների՝ միջխորհրդարանական հանձնաժողովի միջոցով օրենսդիր մարմինների համագործակցության օր առաջ վերսկսումը, որտեղ կքննարկվեն անվտանգային, Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին համաչափ ու համարժեք արձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու և բազմաթիվ այլ հրատապ հարցեր:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները՝ կոչ ենք անում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Ազգային ժողովների նախագահներին հրատապ կազմակերպել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն

«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն

Ք. Ստեփանակերտ

22 փետրվարի, 2022թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28