Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի միլիոն բյուջե ունեին, բայց ունեին 16 շահառու». Լենա Նազարյանն առաջարկում է «բեռից» ազատվել ու զբաղվածության ծրագրերը վերանայել

Փետրվար 22,2022 20:50

Այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «ԱՊՀ պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է ընդհանուր աշխատաշուկա ձեւավորել, գործազրկության մակարդակը նվազեցնել, ապօրինի միգրացիան կանգնեցնել:

Թադեւոս Ավետիսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարցրեց՝ դուք կարեւորո՞ւմ եք զբաղվածության ոլորտը, թե՞ ոչ. «Բա եթե կարեւորում եք, 2020-ից կորոնավիրուսը, պատերազմը, գնաճով աղքատության խնդրի սրումը, որը ուղիղ ազդեցություն է ունեցել աշխատաշուկայի վրա, այս վիճակում ի՞նչ եք գցել-բռնել, որ 2022-ին զբաղվածության ոլորտի աջակցության ծրագրերին պետբյուջեով հատկացված գումարները 25%-ով կրճատել եք ՝500 մլն դրամով: Յանի եղածը շատ էր՝ 2 մլրդ, կրճատում եք անում: Սա վերաբերմո՞ւնք է, թե՞ ֆիննախի պարտադրանքն եք կատարում»: Նա ասաց, որ եթե այդ ծրագրերը վատն էին, դրա համար չեն անում, թող լավը առաջարկեն ու անեն:

Զարուհի Բաթոյան

Նախկին նախարար, ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց, որ զբաղվածության ծրագրերը պետք է վերանայվեն ու արդյունավետությունը պետք է բարձրանա:

Աղվան Վարդանյան

Նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հակադարձեց՝ եթե 2022-ի համար բյուջեի հատկացումները 2 մլրդ են, իրենք 18 մլրդ-ի հատկացումներ էին անում նախկինում:

ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանն իր ելույթում նշեց. «Զբաղվածության ծրագրերով չէ, որ Հայաստանում զբաղվածությունը շատանալու է: Հայաստանում այդ ծրագրերը այդ հարցը չեն լուծում: 10-ից ավելի տարիներ է, որ նախարարությունն  իրականացնում է զբաղվածության ծագրեր, բայց դա կարծես թե չի ազդում զբաղվածության վրա: Դրանք ավելի շատ նախարարության համար են զբաղվածություն ապահովել, որտեղ դուք, պարոն Ավետիսյան, երկար ժամանակ աշխատել եք: Կային ծրագրեր, որոնք մի քանի միլիոն բյուջե ունեին, բայց ունեին 16, 30 շահառու: Մի մարզային ՀԿ իր մի ծրագրով ավելի շատ մարդկանց էր սպասարկում, քան նախարարության զբաղվածության ծրագրերը ու ես շատ ուրախ եմ, մեր քաղաքական պատվերն ու պահանջն էլ է դա, որ վերանայվեն այդ ծրագրերը: Եթե դրանք անարդյունավետ են, պետք է հրաժարվել դրանից, որովհետեւ դրանք բեռ են նախարարության համար: Նախարարությունը չպետք է վարչական ռեսուրս վատնի»:

Թադեւոս Ավետիսյանն էլ դժգոհեց, որ մինչեւ խոր ծերություն այսպես պետք է քննարկեն ծրագրերը վերանայելու մասին, բայց արդյունք չեն տեսնում: Եվ հետո, նա ընդգծեց, որ այդ ծրագրերով աշխատանքի են ընդունվում հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28