Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլեւս միջազգային մակարդակի ահազանգն է. ՀՀԿ

Փետրվար 22,2022 20:40

Արձագանքելով այսօր Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված հռչակագրին՝ ըստ որի նշված պետությունների միջև հարաբերություններն այլեւս անցնում են դաշնակցային մակարդակի, արձանագրենք հետեւյալը.

 

1.Գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերը, որոնց արդյունքում Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցավ աղետաբեր իշխանազավթումը, շարունակվում են։

2.Այդ իշխանազավթման արդյունքում հետևողականորեն խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսացող հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։

3.2018-ի մայիսից վարվող անհետևողական և հանցավորության աստիճանի տգետ արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրեց իր նախաձեռնողականությունն ու այլ հնարավորություններով ինքնիշխանությունը ընդլայնելու և ամրապնդելու առիթները, որ մինչ այդ կային:

4.Գործող իշխանությունների թողտվությամբ Թուրքիայի ռազմաքաղաքական գործոնը մխրճվեց և ամրապնդվեց Հարավային Կովկասում՝ բացահայտ բարձրացնելով Ադրբեջանի հետ կապված խաղադրույքները գլոբալ դիմակայության շրջանակներում։

5.Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց Հարավային Կովկասում ազդեցիկ դերակատարի իր դիրքերը և այս դավադիր կառավարիչների նպատակային գործողություններով բռնեց ինքնիշխանության մաշեցման ու հյուծման ճանապարհը։

6.Երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ, ապա դա, նախևառաջ, քո սեփական թուլության, քո գործած սխալների, քո ռազմաքաղաքական տապալման, քո աշխարհաքաղաքական սնանկության հետևանքն է։

7.Ցավոք, ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ընկալելի, համադրելի և ներդաշնակեցված չի եղել ռազմավարական դաշնակցի տարածաշրջանային շահերի հետ, ինչի արդյունքում արձանագրվել են հայ ժողովրդի համար մտահոգության առիթ հանդիսացող նոր դրսևորումներ։

8.Այսօրվա ռուս -ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլեւս միջազգային մակարդակի ահազանգն է։

9.Հայաստանի և Արցախի ապագայի համար կենսական անհրաժեշտություն են նոր որակի, բովանդակության և ազնվության վրա կառուցվելիք համապարփակ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչին անհապաղ ձեռնամուխ պիտի լինեն գալիք իշխանությունները։

 

ՀՀԿ գործադիր մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28