«Ադրբեջանցի պատվիրակներին հնարավորություն տրվեց մեկ նիստ վարելու, եւ իրենց արտահայտություն թույլ տվեցին։ Ես եւ Հայկ Մամիջանյանն արձագանքելու նպատակով ձայն ուզեցինք, չտվեցին»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ դրա շրջանակում ադրբեջանցի պատվիրակների՝ Երեւան այցի դեմ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց նիստերի մասնակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Շատ վիրավորական էր, որ մեր երկրում ադրբեջանցին նիստ է վարում եւ մեզ ձայն չի տալիս պատասխանելու։ Այս բոլոր հարցերն ուղղված են իշխանությանը»,-հավելեց Արթուր Ղազինյանը։ Նա նշեց, որ պատվիրակների հետ մատուցվելիք ընթրիքին իրենք չեն մասնակցում։ «Ժողովրդի պահանջներն ու հարցերը լեգիտիմ են, բայց կրկնեմ, որ հասցեատերն այս իշխանությունն է»,-հավելեց նա։
Ղազինյանը նաեւ շեշտեց․ «Ի պատիվ Արման Եղոյանի՝ սուր ելույթ ունեցավ եւ փաստարկված պատասխանեց ադրբեջանցի պատվիրակներին։ Ես իրականում զարմացա, որովհետեւ այս իշխանությանը բնորոշ չէ ադրբեջանցիներին պատասխանելը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ