«Ադրբեջանի բռնազավթած տարածքների բնակիչներին կոչ եմ անում մասնակցել այս հավաքներին։ Ադրբեջանցի պատգամավորների ընդունած իշխանությանն օր առաջ պետք է դուրս մղել մեր հայրենիքից»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ դրա շրջանակում ադրբեջանցի պատվիրակների՝ Երեւան այցի դեմ բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց Կովսականի բնակիչ Կարեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով․ «Փախստականների հարցը հաճախ մարդիկ համարում են սովորական բան, բայց իրականում ահավոր է փախստական լինել հայրենիքում։ Ես հայրենիքում գաղթական եմ՝ առանց որեւէ կարգավիճակի։ Եթե կա տեղահանվածի կարգավիճակ, դա նշանակում է, որ այս մարդիկ բռնի տեղահանվել են։ Սա քաղաքական նշանակության մեծ հարց է, որն այս իշխանությունը չի ուզում օգտագործի, որովհետեւ չի համարում, որ այդ տարածքները մերն էին։ Իրականում եղել է ցեղասպանություն։ Ցեղասպանությունը միայն մարդ սպանելը չի, այլեւ կենսատարածքները բռնազավթելը։ Բոլորին կոչ եմ անում օր առաջ ազատվել այս իշխանությունից»։
Կարդացեք նաև
Քարվաճառի բնակիչ Տաթեւիկ Վիրաբյանն էլ հայտարարեց․ «Կապիտուլյացիայից հետո ընտանիքս, երկու անչափահաս երեխաներս զոհ ենք դարձել։ Եղբայրս զոհվել է պատերազմում։ Մյուս եղբայրներս դիրքերում են եղել։ Այսօր իմ ընտանիքին եւ իմ պես շատերին խաղաղության կոչեր են անո՞ւմ։ Ադրբեջանի հետ բարեկամությո՞ւն։ Մեր եղբայրների շիրիմները չեն սառել, նրանց արյունը չի սառել Արցախի հողի վրա, բարեկամությո՞ւն է։ Այդ մեծն Եվրոպան պատերազմի առաջին օրն ո՞ւր էր։ Պարոնայք իշխանություններ, ի՞նչ խաղաղությունից եք խոսում։ Ի՞նչ ժողովրդավարության մասին եք խոսում։ Իսկ ես այդ ժողովրդի մասը չե՞մ։ Հադրութցին, շուշեցին ժողովրդի մաս չե՞ն։ Եթե իշխանությունը բարեկամություն է ուզում, ճանապարհը չենք փակում․ կարող են գնալ Ադրբեջան ու ադրբեջանցիների հետ բարեկամություն անել։ Թուրքի սուրն այլեւս չպետք է մեր երեխաների վրա մերկանա։ Բարեկամն իմ եղբայրներին չի սպանում, իմ տունը չի ավերում։ Ես նման «բարեկամ» չեմ ուզում»։
Պատերազմում զոհվածի մայր Նաիրա Մարգարյանն էլ իր հերթին ասաց․ «Զարհուրելի երազում անգամ չէինք պատկերացնի, որ այս պատերից այն կողմ ադրբեջանցիները քննարկելու են եվրոպական կրթական համակարգի խնդիրներ․․․թշնամին, որը բայրաքթարով սպանեց հայորդիներին, այսօր հայկական կողում է որպես հաղթող։ Բառեր չեմ գտնում։ Այդ միտքն արդեն խելագարության աստիճան ցավալի է։ Մեր որդիները դեռ Բաքվի բանտերում են, այս մասին նրանց հարց տվե՞լ են։ Կամ, այդ եվրոպացիներն ինչո՞ւ էին լուռ պատերազմի օրերին։ Իմ որդին չի զոհվել նրա համար, որ թուրքը Երեւանում հանգիստ թեյ խմի եւ հետ գնալուց հետո ասի, թե եղել է իր սպանած հայի հողում։ Պատասխան եմ պահանջում իշխանությունից․ նրանց հրավիրել եք, որ ի՞նչ անեք»։
Արցախի հերոս, 2020թ․- պատերազմում զոհված Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, դիմեց հանրությանը․ «Երեք միլիոն հայաստանցիներից եւ յոթ միլիոն դրսի հայերից այսքա՞նս ենք հայ․․․ուշքի եկեք։ Նիկոլը մեղավոր չի, մենք ենք մեղավոր․ ստոր էինք, որ ընտրեցինք այդ ստորին։ Որպես զինվորի մայր եմ ասում՝ պատերազմն ինքն է սկսել, որ հողերը տա։ Որ մեկը Նիկոլին վիրավորում է, նստեցնում են։ Բա Ալիեւին ինչո՞ւ չես նստեցնում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ