Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գոհացուցիչ է, կան որոշակի պայմանավորվածություններ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից, չնայած պահպանվում են մի շարք խնդիրներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
«Կարծում եմ, որ չնայած այն խնդիրներին, որոնք ընթացիկ կյանքում առաջ են գալիս, մենք, այնուամենայնիվ, բավարարված են, որ հասել ենք այնպիսի մակարդակի, որում հիմա գտնվում ենք: Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլև առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից: Գիտեմ, որ դեռ կան վեճեր, այդտեղ աշխատելու տեղ կա, բայց մենք մեր կողմից անում ենք ամեն բան, որպեսզի այդ գործընթացն ընթանա խաղաղ ճանապարհով և որպեսզի մենք հասնենք այդ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի բավարարվածությանը»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ մյուս երկրները՝ Ադրբեջանի հարևանները, շահագրգռված են, որպեսզի հարցերը, այդ թվում կապված տրանսպորտային հաղորդակցությունների հետ, լուծվեն, քանի որ դա վերաբերում է ոչ միայն Բաքվին ու Երևանին:
Պուտինը նաև մատնանշել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական աստիճանական զարգացումը: Նրա խոսքով՝ չնայած համավարակին՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարում ավելացել է 16.5 տոկոսով: Ըստ Պուտինի՝ երկու երկրների միջև տնտեսական կապերը բավականին դիվերսիֆիկացված են, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում հետագայում առաջ շարժվելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ