ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց աշխատանքային իրավունքների մի շարք խնդիրների վերաբերյալ, որի հիմքում Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունն է:
Հաշվի առնելով 2021 թվականի ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առավել հաճախ հանդիպած խնդիրներն ու Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները՝ առանձնացվել են երեք հիմնական իրավունքներ, որոնց շուրջ կատարվել է հետազոտությունը՝
1.Աշխատանքը կամայական չկորցնելու իրավունք,
2.Հանգստի իրավունք,
3.Վարձատրության իրավունք։
Յուրաքանչյուր առարկայական բաժնում ներկայացված են վերաբերելի հիմնարար փաստաթղթերը, միջազգային չափորոշիչները և բարձր դատարանների իրավական դիրքորոշումները։ Ընդ որում, ներկայացված են թե՛ հայաստանյան, և թե՛ միջազգային աղբյուրները՝ ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի համապատասխան դրույթները, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի և ԵՄ արդարադատության դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, և այլն։
Կարդացեք նաև
Արտահերթ զեկույցում տեղ են գտել բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
Պատրաստվել է նաև իրազեկման թերթիկ, որտեղ ամփոփված են ընդհանուր տեղեկություններ, թե ինչպես և երբ դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերով:
Արտահերթ զեկույցն ու իրազեկման թերթիկը պատրաստվել է Բուլղարիայի զարգացման օգնության աջակցությամբ ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում։
Արտահերթ զեկույցն՝ այստեղ:
Իրազեկման թերթիկն՝ այստեղ:
Մարդու իրավունքների պաշտպան