Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանի նախագծին կողմ քվեարկեց նաեւ ընդդիմությունը

Փետրվար 22,2022 17:49

Այսօր ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ:

«Կրթության մասին» օրենքով, ԲՈՒՀ-երը տվյալ ուսումնական տարում անվճար ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին, ըստ առաջադիմության, փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձը: «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով՝ բուհը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով, իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Միաժամանակ, Հարկային օրենսգրքի համաձայն, այդ փոխհատուցումները ծախսագրելու եւ եկամուտ չհամարելու առավելագույն սահմաններ են ամրագրված: Գործնականում լինում են դեպքեր, երբ փաստացի փոխհատուցումներից օգտվողների թիվը ավելին է, քան Հարկային օրենսդրությամբ սահմանված է: Բուհի կատարած ծախսի որոշակի մասը հարկման նպատակով չի ընդունվում:

Հաշվի առնելով, որ ապրիլյան պատերազմ է եղել, 44-օրյա պատերազմ է եղել եւ պատերազմի մասնակից ուսանողների թիվը մեծացել է, ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ բուհերը էականորեն ավելի շատ ուսանողների համար են ուսման վճար փոխհատուցում: Օրինակ, ԵՊՀ-ի պարագայում՝ ուսանողների շուրջ 26 տոկոսը, հետեւաբար գերազանցող 10 տոկոսի մասով առաջանում են շահութահարկի եւ եկամտային հարկի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսինքն` ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերը պետք է որոշում կայացնեն 10 տոկոսը գերազանցող շահառուներին արդյոք տրամադրե՞լ ուսման վարձի սահմանված չափով փոխհատուցում եւ կուտակել հարկային պարտավորություններ, թե՞ փոխհատուցումները իրականացնել մասնակի կամ առհասարակ չիրականացնել:

Նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքով սահմանված այդ 10 տոկոս շեմը դարձնել մինչեւ 25 տոկոս:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ: «Կողմ» քվեարկեց նաեւ ընդդիմությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28