Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը: Այս անգամ «Հայաստան» խմբակցությունը առաջադրել էր Անժելա Նալբանդյանի թեկնածությունը:
ՔՊ պատգամավոր Նարեկ Բաբայանն անդրադարձավ ընդդիմության նախորդ թեկնածուի՝ Ռուբիկ Հակոբյանի հետ կապված վեճին. «Վերջին թեկնածուն անփառունակ հանդես եկավ հանձնաժողովում: Կարծում եմ, որ եթե դուք չլինեիք «Հայաստան» դաշինքի ցուցակում, այլ՝ լինեիք ազատ, անկաշկանդ մասնագետ, դժվար թե համաձայնեիք լինել «Հայաստան» դաշինքի թեկնածուն:
Անժելա Նալբանդյանն էլ պատասխանեց. «Ինձ առաջարկ եղել է՝ ելնելով ոչ թե նախորդ թեկնածուի անձից, վարքագծից, այլ՝ հաշվի առնելով իմ հնարավորությունները մասնագիտական տիրույթում ու այն, որ ես «Հայաստան» դաշինքի անդամ եմ կամ պատգամավորության թեկնածու եմ առաջադրված եղել, որեւէ կերպ չի անդրադարձել իմ որոշման վրա»:
Երբ Նարեկ Բաբայանը հորդորեց իր կարծիքը հայտնել նախորդ թեկնածուների, նրանց անցած ճանապարհի, վարքագծի մասին՝ Նալբանդյանն ասաց, որ բարոյական իրավունք չունի ուրիշների հետագիծը քննության առնելու:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն էլ արձագանքեց. «Անկեղծ ասած, ինձ մոտ տպավորություն է, որ կա՛մ ձեր ֆեյսբուքյան էջին դուք չեք տիրապետում, կա՛մ այնտեղ այս սկզբունքը չեք դրսեւորում»: Անժելա Նալբանդյանը վստահեցրեց, որ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գործելաոճին, բայց որեւէ անձի չի թիրախավորել:
Սիսակ Գաբրիելյանը թեկնածուին հարցրեց. «Բոլորովին վերջերս դատարանը որոշում է կայացրել լիցենզիաների գործունեության հետ կապված, եթե ընտրվեք, առնչվելու եք դրան: Որոշում է կայացրել, որ այս հեռուստատեսություններին տրված լիցենզիաները բոլորը անվավեր են, վերաքննիչն էլ հաստատել է, ի՞նչ կարծիք ունեք դուք»: Նալբանդյանն ասաց, որ ծանոթ չի այդ որոշմանը, չի կարող մեկնաբանել, որովհետեւ ձեւավորված կարծիք չունի դրա մասին. «Եթե կա նման բան, կուսումնասիրեմ ու հետագայում կարտահայտեմ իմ կարծիքը»:
Սիսակ Գաբրիելյան էլ հայտարարեց, որ դա իր քվեարկության վրա կազդի. «Այդ որոշման մասին տեղյակ չլինել ու հավակնել լինելու ՀՌՀ անդա՞մ… Ավելի ցցուն օրինակ չեմ կարող բերել: Ոնց որ դուք ուզենաք ընտրվել պատգամավոր, բայց իմանաք, որ 10 օր հետո ԱԺ չի լինելու»: Գաբրիելյանի խոսքով՝ եթե այդ որոշումը կայացվի, Հայաստանում մի հեռուստաընկերություն կլինի՝ միայն Հանրայինը, որովհետեւ այն լիցենզիայի խնդիր չունի. «Ենթադրենք, ՀՌՀ անդամ եք լինելու, ԴԱՀԿ-ն կարող է կալանք դնել հեռարձակողների վրա, խնդրի առաջ եք կանգնելու՝ ի՞նչ անել: Տասնը քանի հեռուստաընկերություններ գալու են ասեն՝ լիցենզիայի թույլտվություն տվեցիր, ներդրումներ արեցի, հիմա ո՞նց ես եթերից զրկում, եթե ես ունեմ վարկ: Էլ չեմ ասում, որ հազարավոր աշխատողներ ունեն հեռուստաընկերությունները, կարող է մի մասը գալ ու ՀՌՀ շենքի մոտ ցույց անել»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ հիշեցրեց, թե ՔՊ թեկնածու Արթուր Մանուկյանը ինչ է պատասխանել, երբ հարցրել էին, թե ինչպես է պատկերացնում իր գործառույթները ՀՌՀ-ում. «Ասաց, որ ինքն, առհասարակ, ծանոթ չէ օրենքին եւ հետագայում, երբ գնա աշխատանքի, ընկերներից կհարցնի եւ կիմանա, չասաց էլ՝ կկարդա: Դա բոլորովին ձեզ վարանման ու տարակուսանքի դաշտ չտարավ ու դուք միաձայն քվեարկեցիք նրա օգտին: Դուք քվեարկեցիք այդ թեկնածուի օգտին, որը ճիշտ այդ օրերին բոլոր մեդիահարթակներում հանրահռչակում էր …-ի մասին հանրահայտ երգը Յոժի հետ»:
Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ իրենք հաստափոր օրենքի հոդվածներ չեն հարցրել, ու եթե Արթուր Մանուկյանը չի կարդացել օրենքը, ընդդիմությունը դեմ է քվեարկել նրան՝ դրանով արտահայտելով իր դիրքորոշումը:
Անժելա Նալբանդյանին էլ ՔՊ պատգամավորները «դեմ» քվեարկեցին ու մերժեցին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ