Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական մեքենան խափանվո՞ւմ է

Փետրվար 22,2022 16:15

Գերմանիայի բազմակի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ճգնաժամ է ապրում։ Կոնֆլիկտային հարաբերություններ են ձևավորվել ակումբի ղեկավարության, մարզչի և ֆուտբոլիստների միջև։ Մյունխենյան ակումբը սկսել է հաճախակի սայթաքել ինչպես ազգային առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում։

«Բավարիան» 2020 թվականին փառահեղ ֆուտբոլ էր ցուցադրում և անկասկած՝ լավագույնն էր Եվրոպայում։ «Բավարիան» մեծ հաջողություններ գրանցեց թիմի նախկին մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկի շնորհիվ։ Թիմը գլխավորելով մրցաշրջանի կեսից՝ կարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ «Բավարիան» հետընթաց գրանցեց արդեն նախորդ մրցաշրջանում, սակայն «Բավարիան» շարունակում էր հաղթարշավը։ Բավարական ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի մրցաշարից՝ պարտվելով Պարի Սեն Ժերմենին։ Գերմանական ակումբի ղեկավարությունը չհանդուրժեց այս փաստը և Հանսի Ֆլիկը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։

Ընթացիկ մրցաշրջանից առաջ թիմը գլխավորեց գերմանացի երիտասարդ մասնագետ Յուլիան Նագելսմանը։ Նա, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է մարզել գերմանական այնպիսի հեղինակավոր ակումբներ, ինչպիսիք են Հոֆենհայմը և Լայպցիգը։ Մրցաշրջանը հաջող մեկնարկեց գերմանական ակումբը։ «Բավարիայի» բարձրակարգ ֆուտբոլը ոչ թե Նագելսմանի աշխատանքի արդյունքն էր, այլ Հանսի Ֆլիկի ներդրած անխափան մեխանիզմի հետևանքը։ Մյունխենյան ակումբը սայթաքումներ թույլ տվեց այս տարվա մեկնարկից սկսած. Պարտություններ Մյունխենգլադբախից և Բոխումից, որոնք մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում են տեղ զբաղեցնում և ոչ-ոքի Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ փուլի առաջին հանդիպմանը՝ Զալցբուրգի դեմ խաղում։

«Բավարիայի» խաղամակարդակի անկման հիմնական պատճառը ոչ հաջող կադրային քաղաքականությունն է. Նագելսմանը ոչ միանշանակ հարաբերություներ ունի ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիձիչի հետ հենց այդ պատճառով։ Բավարական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չկատարեց ոչ մի տրանսֆեր։ Բացի այդ հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների հետ խնդիրներ կան պայմանագրերը երկարաձգելու հարցում։ Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլլերը հիմնական կազմի առաջատարներից են, սակայն նրանց չի գոհացնում առաջարկվող պայմանագրերի ժամկետները։ «Բավարիայի» տրանսֆերային քաղաքականության ձախողումներից է նաև Նիկլաս Զյուլեի տեղափոխությունը մրցակցի ճամբար։ Զյուլեն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը Դորտմունդի Բորուսիայի հետ և գալիք մրցաշրջանից կփոխի ակումբային գրանցումը։

«Բավարիայի» հիմնական խնդիրն է պաշտպանության գիծը. Զյուլեի հեռանալուց հետո ակումբի ղեկավարությունը դիտարկում է Չելսիի պաշտպանների հնարավոր տեղափոխությունը։ Անտոնիո Ռյուդիգերը և Անդրեաս Քրիստենսենը կարող են զգալիորեն հզորացնել բավարացիների պաշտպանությունը։ Թիմի գոլահար Ռոբերտ Լևանդովսկու հեռանալու պարագայում «Բավարիան» կփորձի ձեռք բերել Դորտմունդի երիտասարդ հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերը։ Եթե չստացվի համաձայնության գալ նորվեգացու հետ, ապա կարելի է դիտարկել պահեստային տարբերակ։ Խոսքը Զալցբուրգի ծագող աստղ՝ Կարիմ Ադեյեմիի մասին է։

«Բավարիան» դեռ շարունակում է պայքարը երկու ճակատով։ Բունդեսլիգայում թիմը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, սակայն զգոնությունը թուլացնելու դեպքում՝ հիմնական մրցակից Դորտմունդը կարող է տհաճ անակնկալ մատուցել բավարացիներին։ Չեմպիոնների լիգայում խնդիրը ավելի քան բարդ է։ Փլեյ օֆ փուլի առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, և պատասխան խաղում «Բավարիան» պետք է լուրջ տրամադրվի հաջորդ փուլ անցնելու համար։ Հետագա պայքարը խոստանում է լինել ավելի ինտրիգային. Եվրոպայի ուժեղագույներն են հավակնում Չեմպիոնների լիգայի տիտղոսին։ Մանչեսթեր Սիթին, Լիվերփուլը, ՊՍԺ-ն, Ռեալը և մյուսները մարտական են տրամադրված և պայքարելու են անզիջում։

«Բավարիան» այս պահին ունի լուրջ կորուստներ. Թիմի շարժիչ ուժը՝ Մյուլլերը վարակվել է կորոնավիրուսով և առնվազն 14 օր կբացակայի հիմնական կազմից։ Տոլիսոն վերջին հանդիպմանը վնասվածք ստացավ և մոտավոր մեկ ամսից շարք կվերադառնա։ Թիմի եզրային պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը արդեն երկար ժամանակ է բացակայում է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Դե, իսկ Մանուել Նոյերի բացակայությունը զգացվում է բավարացիների վերջին խաղերի արդյունքից։ Գերմանացի դարպասապահը ևս մի քանի շաբաթ կապաքինվի վնասվածքից։

Մյունխենյան ակումբը հասել է մրցաշրջանի կարևորագույն հատվածին։ Նագելսմանը պետք է հոգեբանորեն տրամադրի թիմին հաջողությամբ ավարտել մրցաշրջանը։ «Բավարիան» ունի բոլոր նախադրյալները տիտղոսներ նվաճելու, իսկ ի՞նչ վերջնարդյունք կգրանցի թիմը՝ ցույց կտա ժամանակը…

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28