Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես չեմ հասկանում՝ ինձ ինչո՞ւմ են մեղադրում». Ռոբերտ Քոչարյան

Փետրվար 22,2022 15:40

«Ինձ համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանքի առաջադրման պահին»,- դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Փետրվարի 22-ին Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, թե անցյալ դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին պարզաբանվել է մեղադրանքի էությունը և իրավաբանական որակումը, բայց նա հրաժարվել է դիրքորոշում հայտնել մեղադրանքի վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այս առիթով հայտարարություն արեց. «Անցյալ դատական նիստին նման բան չի եղել: Մեղադրանքի էությունը չի պարզաբանվել, Ռոբերտ Քոչարյանն էլ չի հրաժարվել դիրքորոշում արտահայտելուց»:

Այնուհետև նա հանդես եկավ օրենքի բացի հիմքով Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ: Հայկ Ալումյանը պարզաբանեց. «Միջնորդության առարկան է օրենքի բացը: Այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործով վարույթ իրականացնող դատարանին չի տալիս հնարավորություն պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքում, երբ այն շարադրված է ոչ պարզ ձևով: Միաժամանակ ոչ պարզ շարադրանքով մեղադրանքը պարզաբանելու պարտականություն չի դնում մեղադրողի վրա: Միջնորդությամբ պնդում ենք, որ այն, որ քրեական գործով վարույթն իրականացնող դատարանն օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այն շարադրված է ոչ պարզ ձևով, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի առաջին կետին, առաջին մասին»:

Հայկ Ալումյանը նաև շեշտեց՝ եթե այս փուլն անցնենք, ուղղակի անիմաստ կլինի միջնորդությունը:

Անդրադառնալով միջնորդությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ինձ համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանքն առաջադրելու պահին: Այն ժամանակ, երբ քննիչին ասացի, թե այս կամ այն ձևակերպումն ինչ է նշանակում, այս բառը, արտահայտությունը ինչ է նշանակում, քննիչն ասաց, որ ինքը պարտավորություն չունի ինձ պարզաբանելու: Եթե ես համաձայն չեմ, ինքը կգրի, որ համաձայն չեմ: Ես այս ամբողջ ընթացքում բազմաթիվ հրապարակային ելույթներում ասում էի, թե չեմ հասկանում՝ ինձ ինչո՞ւմ են մեղադրում: Ինչու եմ սրա մասին ասում, քանի որ Դուք ինչ-որ ակնարկ արեցիք, որ ժամանակին պետք է Ձեզ պարզաբանած լինեին: Անցյալ նիստին նման ակնարկ եղավ»:

Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց՝ փաստաբանների հետ շփման ժամանակ միշտ ասում էի՝ ինձ բացատրեք, իսկ ինչո՞ւմ են ինձ մեղադրում, չի նկարագրվում որևէ գործողություն, թե ես ինչ եմ արել, սակայն ըստ Քոչարյանի՝ նրանք էլ չեն հասկանում. «Ինձ մեղադրում են, թե ես դերակատարություն եմ ունեցել, բայց անհասկանալի է: Իմ փաստաբաններն ինձ ասում են՝ մենք էլ չենք հասկանում: Հիմա իմ վիճակը. փաստաբաններս չեն հասկանում, չհասկանալով ինձ ինչպե՞ս պետք է պաշտպանեն: Քննիչը համարել է, որ ինքն այդ պարտականությունը չունի: Երբ դուք հարցը տվել եք ինձ՝ հասկանալի՞ է, թե՝ ոչ, եթե Դուք այդ պարտականությունը չունեք, ինչո՞ւ եք այդ հարցը տալիս, կամ եթե այս դահլիճում ոչ մեկը պարզաբանելու պարտականություն չունի, ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս, ձևական բան է: Երևի օրենքի պահանջ է, ուրեմն օրենքի բաց կա: Եթե հարց տալիս եք, ուրեմն պետք է ենթադրվի, որ որևէ պատասխան պետք է լինի, ու այդ պատասխանն այստեղ չկա: Պարզ լեզվով ասած՝ սա է մեր միջնորդության էությունը»:

Լսելով ամբաստանյալների և փաստաբանների հայտարարությունները՝ նախագահող դատավոր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի մարտի 1-ին՝ ժամը 13.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28