«Այստեղ են «բայրաքթարներով» մեր որդիներին սպանածների եղբայրները, զարմիկները, ազգականները, հայրենակիցները․․․մեր ռազմագերիներին գլխատածներն են, խոշտանգածները»,-Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ադրբեջանցի պատվիրակների՝ Երեւան այցի դեմ բողոքի ցույցի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ այսօրվա ելույթում ադրբեջանցի պատվիրակը հերթական անգամ խեղաթյուրեց փաստերը՝ ասելով, թե հայ ռազմագերիներ չկան։
«Դուք ստում եք՝ տասնյակ ռազմագերիներ ունենք դեռեւս»,-հակադարձեց նա։
Ինչ վերաբերում է ադրբեջանցու պնդմանը, թե Ադրբեջանը բաց է միջազգային հանրության առաջ ցույց տալու, որ պահպանում է մշակութային ժառանգությունը, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց․ «Եթե ես կարողանայի ներս մտնել, թքելու էի այդ պատգամավորի ճակատին, որովհետեւ երիցս ստում է։ Օրեր առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անատամ հայտարարություն է տարածել այն առիթով, որ մենք ահազանգել ենք։ Ֆրանսիացի գործընկերներիցս ճշտել եմ, որ այլեւս ամենօրյա աշխատանքային ռեժիմով վերացվում են հայկականության բոլոր հետքերն Արցախից։ Ինձ ասացին, որ Շուշիի մայր տաճարի վրա գրեթե հայկականության հետք չի մնացել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարողանում գնալ Արցախի օկուպացված տարածքներ, որովհետեւ Ադրբեջանն է արգելում»։
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հարցադրում արեց՝ ինչո՞ւ հայկական պատվիրակությունը չի կարողացել Եվրանեսթի օրակարգ մտցնել պատերազմի ժամանակ Ադրբեջանի կատարած հանցագործությունները, հայ ռազմագերիների խոշտանգման հարցերը, Ադրբեջանի կողմից մշակութային վանդալիզմը, մինչդեռ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցը քննարկման օրակարգում է․ «Իշխանական պատգամավորները մեծամասնություն են, ինչո՞ւ այս հարցերը չեն ներառել օրակարգերում։
Կարդացեք նաև
Նկատառմանն ի պատասխան, որ ըստ հայկական պատվիրակության ղեկավար, ՔՊ-ական պատգմավոր Մարիա Կարապետյանի՝ Հայաստանը նման գործիքակազմ չի ունեցել, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ արժանապատվությունից ցածր է համարում խոսել այդ տիկնոջ մասին․ «Նա ադրբեջանական նովրուզին պարում էր․․․եթե եվրոպացիների համար հնարավորություն կար հրատապ կարգով օրակարգ ներառել ՌԴ-Ուկրաինա կոնֆլիկտը, ապա վստահ եղեք, որ գրագետ աշխատելու դեպքում հնարավորություն կլիներ օրակարգում ներառել պատերազմի հետեւանքների հարցը։ Ռազմագերիների եւ մշակութային վանդալիզմի հարցերն առնվազն հնարավոր էր օրակարգ մտցնել։ Ես մշտական կապ ունեմ եվրոպացի գործընկերների հետ, որոնք վերահաստատում են, որ այս հարցում աշխատանքը չի դադարում․ ադրբեջանցիներն ամեն օր ջնջում են հայկական արձանագրությունները։ Եվրանեսթի ընդդիմադիր պատգամավորները հենց հիմա էլ կարող են դադարեցնել նիստը։ Այս նիստից առաջ ՀՀ իշխանությունը պետք է նախապայման դներ, որ քանի դեռ վերջին ռազմագերին չի վերադարձվել, ՀՀ-ում նման սրբապղծություն չպետք է տեղի ունենար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ