«Ամեն ինչ կարող էր տեղի ունենալ, եթե ուղղորդված եղել է ատելություն՝ պայմանավորված երեխաների հոր ազգությամբ։ Այդ ատելությունը մենք նաեւ տեսնում էինք մանկապարտեզի այլ երեխաների ծնողների կողմից տեսանյութում արտահայտված կարծիքներում, թե մուսուլմաններ են, թող թողնեն այստեղից հեռանան, ատելությունը կա կրոնով, ազգությամբ պայմանավորված»,-Aravot.am-ին ասաց թիվ 124 մանկապարտեզ հաճախած երեխայի նկատմամբ հնարավոր բռնությունների գործով տուժողի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը՝ անդրադառնալով մեր հարցին, թե առողջ հոգեվիճակով մանկավարժը կարո՞ղ էր երեխայի հետ նման կերպ վարվել:
Հիշեցնենք, որ թիվ 124 մանկապարտեզ հաճախած երեխաներից մեկի մայրը վերջերս ահազանգել է, որ իր երեխային մանկապարտեզում կերակրել են կղանք, խոտ ու մեզի մեջ թաթախած հաց:
Մենք փաստաբանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք գործով մեղադրյալ դաստիարակները դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվե՞լ են կամ կենթարկվե՞ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե իսկապես տուժող երեխան ճիշտ է պատմում, ապա մեղադրյալները գուցե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն, եթե երեխայի հետ այդպես են վարվել: Փաստաբանն ասաց, որ ինքը տուժողի ներկայացուցիչ ներգրավվելու է առաջիկա օրերին եւ այս պահին ավելին չի կարող ասել:
«Ինձ այդպիսի հարցեր դեռ մի տվեք, ես քննչական գործողությունների դեռ չեմ մասնակցել»,- ասաց փաստաբանը:
Կարդացեք նաև
Արդյոք երեքից չորս տարեկան երեխան հասկանում է կրոնական, ազգային խտրականությունն ինչ է, որ դրանով պայմանավորված մեկ այլ երեխայի ծաղրի, բռնության ենթարկի՝ մեր այս հարցին փաստաբանը պատասխանեց. «Եթե երեխային ուղղորդող լինի, ինչո՞ւ՝ ոչ: Երեխաները շատ հեշտ ազդեցության տակ են ընկնում: Հենց դա է խնդիրը, որ այդ երեխաներին գուցե ուղղորդել են, որ կատարեն ինչ-որ գործողություններ»:
Ինեսա Պետրոսյանը նկատեց, որ ժամանակի հետ կապված ապացուցելիության առումով դժվարություններ են առաջանում, բայց որոշ բժշկական փաստաթղթեր, հետազոտություններ այն ժամանակ են արվել, երբ երեխան հաճախում էր այդ պարտեզ, ինչը փորձագետները հաշվի պետք է առնեն:
Մեր հարցին, կա՞ն երեխայի նկատմամբ նման գործողություններն ապացուցող այլ վկայություններ, բացի հենց երեխայի ցուցմունքը, Ինեսա Պետրոսյանը պատասխանեց, որ իր տվյալներով՝ միայն երեխայի ցուցմունքներն են:
Մեր հարցին, թե արդյոք փորձաքննություն նշանակվե՞լ է՝ պարզելու, թե երեխան երեւակայելու ու չափազանցնելու ունակություն ունի կամ ոչ, փաստաբանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ դատահոգեբանական փորձաքննություն կնշանակվի եւ այդ հարցին էլ պատասխան կտրվի, առայժմ քանի դեռ ինքը գործով փաստաբան չի ներգրավվել, ավելին չի կարող ասել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ