Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյանը՝ Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին․ «ՀՀ-ն այդ հարցը պետք է քննարկի եւ ճիշտ ժամանակին որոշում կայացնի»

Փետրվար 22,2022 14:52

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որը մասնակցում է Երեւանում այսօր ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վերաժողովի նիստին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իշխանության ներկայացուցիչների ելույթներում ընդհանուր ֆրազներ էին, քաղաքական որեւէ հնչեղություն չկար, որեւէ ուղերձ չէր հղվում։

Ընդդիմության ներկայացուցիչների ելույթների մասին էլ Խաչատրյանն ասաց՝ «Ասացինք, որ եթե Ադրբեջանը կամ որեւէ մեկը այլ տեղ կարծում են, որ Արցախի հարցը լուծված է եւ լուծված է ուժով, չարաչար սխալվում են։ Ես ուրախ եմ, որ Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության անդամ եւ համազեկուցող տիկին Մարինա Կալյուրանդին եւս կիսեց այս կարծիքը, որ Արցախի հարցը լուծված չէ, եւ հնարավոր չէ լուծել ուժով։ Մենք խոսեցինք ճանապարհների շրջափակման մասին, որ Ադրբեջանը խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին, մինչդեռ առաջին բանը, որ արեցին՝ շրջափակեցին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Քարվաճառի ճանապարհը։ Հիմա ծրագրում են կառուցել Շուշին շրջանցող նոր ճանապարհ, այսինքն` կա ռիսկ, որ հայկական բնակավայրերը՝ Բերձորը, Աղավնոն եւ Բերդաձորի հայկական գյուղերը կարող են մնալ անկլավ»։

Խաչատրյանը նաեւ ասաց՝ ընդդիմության ներկայացուցիչները երեկ չեն մասնակցել «Եվրանեսթի» պատվիրակության համար կազմակերպած պաշտոնական ընթրիքին․ «Որովհետեւ ադրբեջանցիների հետ ո՛չ ես, ո՛չ «Հայաստան» խմբակցության, «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հաց կիսելու ցանկություն չունենք»։

Երեկ «Եվրանեսթ»-ի բյուրոյի նիստում ընդունված՝ ռուս-ուկրաինական լարվածության եւ հավանաբար ՌԴ-ի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին (տեքստը դեռ չի հրապարակվել) հայտարարության մասին որոշ մանրամասներ ասաց Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այդ տեքստում հայտարարվում է՝ դատապարտում են Ռուսաստանի գործողությունները նրանք իրավունք չունեն խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ «Այսպիսի ստանդարտ բառամթերքով հայտարարություն է։ Ես բյուրոյի անդամ չեմ, եւ պատվիրակության ներկայացուցիչը չի ասել, թե երբ է ընդունվել կամ փոփոխվել տեքստը։ Կարծում եմ այդ հայտարարությունն ընդունել են մինչեւ ՌԴ-ի հայտնի հայտարարությունը»։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ-ն պետք է հարգի ցանկացած ազգի ինքնորոշման իրավունքը․ «Ավելին, մենք կարծում ենք, որ Արցախի անկախությունը ՀՀ-ն պետք ճանաչեր 44-օրյա պատերազմի առաջին օրերին, որովհետեւ անկախությունը չէր ճանաչում, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարվեր, բայց այն արդեն խաթարվել էր պատերազմով եւ որեւէ ռացիոնալ բացատրություն չկա, թե ինչու ՀՀ-ն այդ օրերին չճանաչեց»։

Հարցին՝ արդյոք կողմ եք, որ ՌԴ-ն ճանաչել է Լուգանսկի եւ Դոնեցկի անկախությունը, եւ արդյոք կարծում եք, որ ՀՀ-ն էլ պետք է ճանաչի, Խաչատրյանը պատասխանեց․ «Տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքների արհեստական հակամարտության մասին, երբ խոսում են․․․ միջազգային արդարադատության դատարանի խորհրդատվական որոշումը Կոսովոյի անկախության մասին, նրանք հայտարարել են, որ այդ սկզբունքը գործում է կայացած պետությունների շրջանակներում։ Այսինքն, երկու կայացած պետություն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց դա չի բացառում, չի արգելում ազգերին միակողմանի անկախություն հռչակել եւ հենց այդ սկզբունքով Կոսովոն հռչակեց իր անկախությունը եւ ճանաչվեց զգալի թվով երկրների կողմից։ Նույն սկզբունքով նաեւ Ղրիմն իր անկախությունը ճանաչեց, հետո միացավ ՌԴ-ին։ Մենք կողմ ենք ազգերի ինքնորոշման սկզբունքի բացարձականացմանը, այսինքն, ՀՀ-ն այդ հարցը պետք է քննարկի եւ ճիշտ ժամանակին որոշում կայացնի»։

Ըստ պատգամավորի, «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի հայտարարությունը Պուտին-Ալիեւ հայտարարության նախաշեմին անելը, բավականաչափ ծանր վիճակի մեջ է դնում նաեւ Հայաստանին։

Հարցին՝ մեր խորհրդարանի ռուսամետ ընդդիմությունը կո՞ղմ է քվեարկելու է ՌԴ-ին դատապարտող այդ հայտարարությանը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Քվեարկության հարց չկա։ Ուզում եմ հասկանալ՝ ովքե՞ր են ռուսամետ ընդդիմությունը կամ ուժերը։ Ձեր նշած ռուսամետ ուժերի իշխանության ժամանակ երբեք միութենական պայմանագրի հարց օրակարգում չի եղել։ Պատահական չէ, որ Լուկաշենկոն խոսեց այդ մասին, եւ այդ հարցն առաջացավ այն ժամանակ, երբ իշխանության են արեւմտամետ ուժերը, որոնք ՀՀ-ին տանում են ինքնիշխանության կորստի»։

Դիտարկմանը՝ Ադրբեջանի պատգամավորը նիստում նշեց, որ դրական ազդակներ կան իրենց կողմից, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Դրական ազդակներով Նիկոլ Փաշինյանը, Էրդողանը, Ալիեւը արդեն երկար ժամանակ է իրար հետ փոխանակվում են։ Ես այդ ազդակները չեմ տեսնում, ես տեսնում եմ միայն թշնամանք, եւ դա տեսանք Շուշիի դեկլարացիան վավերացնելով, նաեւ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմաններին եւ Արցախի հանրապետությունում»։

Ադրբեջանի պատգամավորների՝ ՀՀ այցի մասին էլ նա ասաց՝ նրանք եկել են ոչ Հայաստանի հրավերքով․ «Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքական կամ հասարակական ուժերը իրավունք չունեն իրենց կարծիքը արտահատել Ադրբեջանի վարած քաղաքականության մասին, ինչը, որ արել ենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28