Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավոր ու ամենավարակիչն է BA2 ենթատեսակը: Այն արդեն Հայաստանում է: Այսօր այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Մասնագետի խոսքով՝ «օմիկրոնի» BA2 ենթատեսակի երկու դեպք է հայտնաբերվել սեկվենավորման ընթացքում, բայց դա չի նշանակում, որ երկրում միայն այդ երկու դեպքն է, քանի որ սեկվենավորման են ենթարկվում ոչ բոլոր դրական նմուշները, ցանկացած այլ դրական թեստով մարդ կարող է վարակված լինել հենց այս ենթատեսակով:
Ռոմելլա Աբովյանն ասաց, որ նոր դեպքերի թիվը նվազել է, սակայն համաճարակային իրավիճակը հանրապետությունում շարունակում է լարված մնալ: Նա նշեց, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ախտանիշները շատ նման են սուր շնչառական վարակների ախտանիշներին՝ քթից արտադրություն, հազ, ջերմություն, կոկորդի ցավ եւ այլն: Նա խորհուրդ է տալիս, նման ախտանիշներ ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակներ՝ հսկողության տակ գտնվելու նպատակով եւ ժամանակին բուժօգնություն ստանալու համար:
ԱՆ մասնագետը նաեւ հայտնեց, որ անկախ կորոնավիրուսի դեպքերի նվազումից, Հայաստանը, ԵՄ չափանիշներով, դեռեւս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում. «Քանի որ մեզ մոտ հիվանդացության բարձր ցուցանիշ է առկա՝ 868, եւ դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է, հայտնվել ենք մուգ կարմիր գոտում»:
Ինչ վերաբերում է սահմանափակումները վերանայելուն, ասաց, որ դրանք մեղմելու վերաբերյալ մասնագիտական խմբում քննարկումներ են ընթանում. «Կան սահմանափակումներ, որոնք պետք է վերանայվեն, բայց կան միջոցառումներ, որոնք դեռեւս պետք է շարունակենք պահպանել»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ