Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ՀՀ և ՌԴ բարձրագույն ղեկավարություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը. «5165 շարժում»

Փետրվար 22,2022 14:36

Համաձայնություն հայտնելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այն գնահատականին, որ բոլշևիկները, և, մասնավորապես, նրանց առաջնորդ Լենինը խորհրդային պետության ստեղծման շրջանում խիստ բացասական դեր են խաղացել նախկին Ռուսական կայսրության ազգային հարցում, «5165 շարժումը» գտնում է, որ հայ ժողովուրդը մեծապես տուժել է այն քաղաքականությունից, որը ուղղված էր զուտ բոլշևիկյան ռեժիմի պահպանմանը և անտեսում էր ազգային հարցերի արդարացի լուծումը։

1988թ․ մեկնարկած Արցախյան շարժումը բոլշևիզմի գործած աններելի սխալների հանդեպ արցախցիների արձագանքն էր ու այդ սխալներն ուղղելու տաժանակիր փորձը, և այն խնդիրները, որոնք Վլադիմիր Պուտինը մատնանշեց Դոնբասի առնչությամբ, էլ ավելի ակնառու են Արցախի հարցում։ Արցախն առաջինն էր ԽՍՀՄ-ի տարածքում, որ սկսեց պայքարել հետադիմական նացիոնալիզմի ու քսենոֆոբիայի դեմ։ Հայ ժողովրդի պատմական հայրենիքի առանձին տարածքներ, Հայաստանի առաջին Հանրապետության նախկին առանձին շրջաններ բոլշևիկյան ղեկավարության թեթև ձեռքով նվիրաբերվեցին Թուրքիային ու Ադրբեջանին։ Հայ ժողովրդի կենսական շահերը զոհաբերվեցին «համաշխարհային հեղափոխության» սին օրակարգին, ինչի դիմաց հայ ժողովուրդը վճարեց չափազանց թանկ գին․ նվիրաբերված տարածքները սկսեցին արագ հայաթափվել։ Եվ միայն 1988թ․-ին սկսված Արցախյան շարժման շնորհիվ էր, որ Ադրբեջանին նվիրաբերված այդ երկրամասի ամբողջական հայաթափումը կանխվեց։

2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած նոր պատերազմի արդյունքում Ադրբեջանը, Թուրքիայի գործուն ու մեծածավալ աջակցությամբ, ներգրավելով հազարավոր ջիհադիստ ահաբեկիչների, թույլ տալով մարդկության դեմ ուղղված աններելի հանցագործություններ, փորձեց վերջնականապես հայաթափել Արցախը։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունն է միայն այս պահին երաշխավորում Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը։

Ելնելով ստեղծված իրավիճակից և հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը վերջնականապես հայաթափելուն ուղղված ակնհայտ քայլերը՝ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և վերջինիս հետ կնքել ռազմական փոխօգնության պայմանագրեր, որոնք Արցախի բնակչության անվտանգության իրական երաշխիք կարող են հանդիսանալ։

5165 շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28