Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բաքվի, Սումգայիթի հայերն ո՞ւր են, ի՞նչ են եղել»․ Եղոյանի բանավեճն ադրբեջանցի պատվիրակի հետ

Փետրվար 22,2022 14:21

«Ադրբեջանի պատվիրակները մի քանի անգամ կրկնեցին դա։ Երեւի ուզում են իրենք իրենց համոզել, որ հակամարտությունը վերջացած է։ Հակամարտությունը չի կարող վերջանալ միայն այն պատճառով, որ այդ մասին հայտարարում են՝ առանց վերացնելու պատճառները»,-Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների՝ Երեւանում ընթացող նիստերի ժամանակ այսօր հայտարարեց հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի երկու պատվիրակների պնդմանը, թե արցախյան հակամարտությունը լուծված է։

«Այդ պատճառներն ավելի խորն են դարձել, դա Ադրբեջանում ատելությունն է հայերի հանդեպ եւ այն ամենի հանդեպ, ինչը կապված է Հայաստանի հետ։ Վերջին ապացույցներից մեկը հայկական արձանագրությունները եկեղեցիների վրայից ջնջելն է։ Կուզեի եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա։ Այն, ինչ կատարվեց Նախիջեւանում հայկական գերեզմանների հետ․․․ոչնչացրին եւ լցրին գետը։ Սովետական Ադրբեջանում 500 000 հայեր են ապրել, որտե՞ղ են հիմա նրանք։ Օրինակ՝ Բաքվի, Սումգայիթի հայերն ո՞ւր են, ի՞նչ են եղել։ Եթե ասում եք, թե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, ապա ո՞ւր են այդ հայերը»,-դիմելով ադրբեջանցի պատվիրակին, որը պնդել էր, թե հայերը որպես էթնիկ խումբ հնարավորություն ունեն վերաինտեգրվելու Ադրբեջանում՝ հարցադրում արեց Արման Եղոյանը։

«Կներեք, բայց չեմ հասկանում ձեր արածը։ Դուք ուզում եք ինքներդ ձեզ համոզե՞ք, որ այդպես է»,-հավելեց Արման Եղոյանը։ Նա շեշտեց․ «Խաղաղության հասնելն անհրաժեշտություն է, բայց խաղաղությունը շատ փխրուն է։ Հակամարտությունը պետք է լուծել փոխադարձ հարգանքի, դիմացինի կյանքի եւ սեփականությունը իրավունքը հարգելու մթնոլորտում»։

Եղոյանի ելույթից հետո Ադրբեջանի պատվիրակներից Սոլթան Մամադովը նշեց՝ չէր ցանկանա երկար բանավեճ ծավալել հնչեցրածի առիթով, բայց պնդեց նախկինում ասածը, թե Ադրբեջանը «մուլտիմշակութային երկիր» է․ «Ադրբեջանում ապրում են մի քանի տասնյակ փոքրամասնություններ՝ ռուսներ, հրեաներ․․․շեշտեմ, որ մոտ 30 000 հայ է ապրում Ադրբեջանի տարածքում։ Իմ ընկերների թվում հայեր կան, որոնք հիմա ապրում են Ադրբեջանում, եւ մենք հրաշալի ընկերություն ենք անում, բայց Հայաստանում ապրող ադրբեջանցի չկա։ Սրանք փաստեր են»։

Ինչ վերաբերում է Արցախի մշակութային ժառանգությանը, Մամադովը, որը ելույթների ընթացքում Արցախ անունն անգամ չէր օգտագործում, պնդում արեց, թե մի քանի տասնյակ մզկիթներ են հավասարվել հողին․ «Մենք որեւէ բան չենք պատրաստվում անել ձեր հարուստ մշակութային ժառանգության հետ։ Երեսուն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ ենք անում գալ եւ գնահատել իրավիճակը։ Հիմա սպասում ենք, որ միջազգային հանրությունն անկախ գնահատական տա․․․մենք չենք ուզել պատերազմ, մենք չենք ուզում պատերազմ, եւ դա է պատճառը, որ երեսուն տարի սպասում ենք հակամարտության խաղաղ լուծմանը։ Մեր համար կարեւոր է, որ շեշտվի Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փաստը, ինչը կարեւոր է խաղաղության հաստատման համար։ Ես համոզված եմ, որ տարածաշրջանում կլինի խաղաղություն։ Հայ գործընկերներիս կոչ եմ անում զերծ մնալ Ադրբեջանի հասցեին վիրավորական արտահայտություններից։ Մենք մեզ այստեղ հյուր ենք համարում եւ շնորհակալ ենք ձեզ հյուրընկալության համար։ Հույս ունենք երկու երկրների միջեւ պահպանել ջերմ հարաբերությունները»։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո տեւական ժամանակ Ադրբեջանը խոչընդոտում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգային խմբի այցին։ Ինչ վերաբերում է Արցախի հայկական եւ մահմեդական հուշարձաններին, ապա հնագետ Համլետ Պետրոսյանը տասնյակ տարիների աշխատանքի արդյունքում փաստագրել է Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը եւ ի հակառակ դրա՝ Արցախում մահմեդական հուշարձանների պահպանությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28