Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը գիտեին կոնյակով ու բնությամբ, ապշում էին, որ ՏՏ ոլորտի լուրջ ներուժ է եղել». DataArt-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն

Փետրվար 22,2022 14:10

Newmag-ի եւ DataArt-ի համագործակցությամբ ստեղծվել է «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը, որի նախատիպը ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող DataArt-ի «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսն է։ Վերջինս պատմում է 1956 թ. բացված Մաթեմատիկական մեքենաների երևանյան գիտահետազոտական ինստիտուտի, հայ ինժեներների ու նրանց ստեղծած հաշվիչ տեխնիկայի մասին:

«Երբ 2019թ. DataArt-ի շրջանակում նյութեր էինք հավաքում մեր նոր նախագծի համար, սկսեցինք հարցազրույցներ վերցնել ինժեներներից, նախագծման աշխատանքներում ներգրաված աշխատակիցներից, ԽՍՀՄ-ի ժամանակների ծրագրավորողներից, նաեւ ուսումնասիրեցինք այդ նյութերը` կապված մաթեմատիկական մեքենաների ու հաշվողական տեխնիկայի պատմության հետ: Պարզվեց, որ նախագծման աշխատանքների ահռելի մասն իրականացվել է Երեւանում: Այդ ամենի հիման վրա ստեղծեցինք ցուցահանդեսը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի համահեղինակ Ալեքսեյ Պոմիգալովը` ներկայացնելով «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը:

«Ակնհայտ էր, որ մեզ հասանելի նախկին Խորհրդային Միության կենտրոններով սահմանափակվելով` գործը գլուխ չէինք բերելու: Ճակատագրի բերումով ծանոթացանք DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանի հետ, նրա շնորհիվ էլ` Մերգելյան ինստիտուտի, այսինքն` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տասնյակ ինժեներների հետ, խոսեցինք նրանց հետ եւ պարզվեց, որ չափազանց հետաքրքիր պատմություններ կան, թե ինչպես են ստեղծվել առաջին էլեկտրոնային հաշվիչ մեքենաները, ինչ նախագծումներ են արվել ժամանակին»,-հավելեց նա:

«Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի համահեղինակներից Ալեքսանդր Անդրեեւն էլ նշեց, որ սկզբում շատ բան չգիտեին Հայաստանում ստեղծված մաթեմատիկական մեքենաների եւ դրանք նախագծած ինժեներների մասին. «Մեզ զարմացրեց, թե յուրահատուկ մշակութային միջավայր է տիրում եւ զուգահեռ ինչ մշակութային վերափոխումներ էին տեղի ունենում: Դա կապված էր եւ հայրենադարձության, եւ Խրուշչովյան ձնհալի ժամանակների հետ: Հենց այդ մշակութային վերափոխումների եւ հասարակական զարգացումների արդյունքում շատ ազատամիտ միջավայր էր ստեղծվել, ինչը նպաստում էր նաեւ այս ոլորտի զարգացմանը: Տեխնոլոգիական այս վերելքն ի վերջո հանգեցրեց նրան, որ Հայաստանում ստեղծվեցին էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, որոնք սկսեցին կիրառվել եւ մեծ հանրաճանաչություն ձեռք բերել ոչ միայն ամբողջ ԽՍՀՄ-ում, այլեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, նույն Հունգարիայում, Ռումինիայում, Լեհաստանում»:

Նախագծի մյուս համահեղինակ Իլյա Կորոբովն ասաց, որ ինքը եւս շատ բան չգիտեր հայկական կիբեռնետիկայի մասին, բայց երբ ծանոթացել է նյութերի հետ, իրեն զարմացրել է նախագծումների մասշտաբն ու ծավալը, այն ահռելի խնդիրները, որոնք լուծվել են Երեւանում, մինչդեռ այսօր էլ դրանք դժվար հաղթահարելի են թվում:

«Ցուցահանդեսն ավելի շուտ է սկսվել, քան գիրքը, ի սկզբանե այնպես էր ծրագրված, որ դա DataArt-ի կայքում լինի հոդված, սակայն դատելով նյութերի ամբողջությունից ես գիտեի, որ դա մի հոդվածով չենք ավարտի, քանի, որ տեղյակ էի այդ ամենին, մեծացել եմ ինժեներների ընտանիքում:

DataArt-ի շրջանակներում շատ եմ ճամփորդում, մարդիկ Հայաստանի մասին գիտեին գեղեցիկ բնությամբ, կոնյակով, ապշում էին Հայաստանում ՏՏ ոլորտի բավականին լուրջ ներուժ կա, բոլորին զարմացնում էր, թե դա որտեղից է: Եվ երբ DataArt-ում ծանոթացանք Ալեքսեյի հետ, ու երբ խոսվեց նախագծի մասին, ես միանգամից ասացի, որ բավականին մեծ հաջողություն է ունենալու ցուցահանդեսը: Իսկ նյութերը հավաքելուց հետո որոշեցինք գրքով էլ անդրադառնալ: Մեծ հպարտություն ապրեցի, երբ տղաները Սանկտ Պետերբուրգից հավաքեցին այդ ողջ պատմությունը, շատ լավ արձագանքներ եղան, գրքի վաճառքն էլ մեծ հաջողություն գրանցեց»,-նշեց DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը:

Ինչ վերաբերվում է գրքի` «Մարդիկ եւ մեքենաներ» վերնագրին, այս մասին էլ հետեւյալը պարզանեց. «Գիրքը միայն մեքենաների մասին չէ, այլ այն ժամանակաշրջանի մշակույթի ու մարդկանց մասին է, որոնք ստեղծում էին այդ մեքենաները: Գրքում նկարագրված է, թե ինչ ֆիլմեր էին նայում նրանք, ո՞ր սրճարաններն այցելում, ինչ ջազային փառատոների մասնակցում ու ինչպիսի հետաքրքիր վայրերում լինում»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28