Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրավիչ դարձնել ուսուցչի մասնագիտությունը թե՛ վարձատրության, թե՛ աշխատանքային պայմանների տեսանկյունից»

Փետրվար 22,2022 13:26

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Օրակարգային հարցերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի աշխատակարգը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, և «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, որի շրջանակում աշակերտներին հուզող հարցերին պատասխանել են նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ինչպես Ժ. Անդրեասյանն է ներկայացրել, խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 45 աշակերտներ, այդ թվում՝ ոչ պետական դպրոցներից: Համաձայն աշխատակարգի՝ սահմանված է աշակերտական խորհրդի նիստ գումարել տարվա մեջ 2 անգամ, ինչը, ըստ Անդրեասյանի, ամենևին չի սահմանափակում հրատապ և հուզող հարցերի քննարկման հնարավորությունները:

«Մենք շատ կարևորում ենք աշակերտական խորհրդի դերը, քանի որ կարծում ենք, որ այստեղ ներգրավված աշակերտներն էլ իրենց գործառույթն ունեն՝ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին իրազեկել իրենց միջավայրում՝ դպրոցում՝ համագործակցելով այլ դպրոցների աշակերտական խորհուրդների հետ»,- ասել է փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կկազմակերպվի առանձին հանդիպում, որտեղ «Ջինիշյան» հիմնադրամը կներկայացնի աշակերտական խորհրդի զարգացման վերաբերյալ առաջարկներ:

Փոխնախարարն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հետ առանցքային անելիքը նաև այն է, որ վերջինիս հետ քննարկվում են ոլորտին առնչվող հիմնարար փաստաթղթերը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է աշակերտական խորհրդի նոր կազմին, մաղթել արդյունավետ աշխատանք և իրազեկել ներկայում շրջանառվող կարևոր փաստաթղթի՝ «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին: Նախարարը խորհուրդ է տվել ծանոթանալու նախագծին և ընդգծել է, որ 2 սկզբունքային հարց է դրված նախագծի հիմքում. առաջինը՝ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և պետք է գտնել ճանապարհը՝ ստեղծելու ինքնաբացահայտման պայմաններ:

«Ինքնաբացահայտման լավագույն ճանապարհը կրթությունն է, հիմնարար գիտելիքը: Միայն այս տարբերակով կկարողանանք բացահայտել, հասկանալ մեր կարողությունների սահմանը»,- ասել է նախարարը:

Նա ներկայացրել է նաև երկրորդ սկզբունքը. «Սկսած նախադպրոցականից մինչև բուհական կրթություն՝ բոլոր փուլերում կրթությունը պետք է լինի որակյալ և մրցունակ, հիմնված լինի ազգային արժեքների վրա, և այդ ամենը նպաստի մեր երկրի զարգացմանը, հզորացմանը և առաջընթացին: Գիտելիքը պետք է նպաստի ճիշտ մտածելակերպի ձևավորմանը: Եթե ճիշտ մտածենք, ճիշտ որոշումներ կկայացնենք և արդյունքում կլինենք նաև անվտանգ»:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշակերտական խորհրդի անդամներին ներկայացրել է ռազմավարության հիմնական թիրախները. «Փորձելու ենք ավելի համապարփակ մոտեցումներով այսօրվա դպրոցի խնդիրները 2030 թ.-ին տեսնել լուծված ենթակառուցվածքների, լաբորատոր հագեցվածության, գույքի, ռեսուրսների հասանելիության առումով»:

Երկրորդ թիրախը, ըստ փոխնախարարի, ուսուցիչների աշխատանքային պայմաններն են, վարձատրության համակարգը, ինչն էապես պետք է բարելավվի՝ ստեղծելով մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ: Ժ. Անդրեասյանն ընդգծել է. «Պետք է գրավիչ դարձնել ուսուցչի մասնագիտությունը թե՛ վարձատրության, թե՛ աշխատանքային պայմանների տեսանկյունից, որպեսզի երիտասարդները ձգտեն՝ դպրոց մտնելու, մանկավարժությամբ զբաղվելու»:

Երրորդ կարևոր ուղղությունը դպրոցների կառավարման և ֆինանսավորման մոդելի փոփոխությունն է. վարչատնտեսական կառավարումը կառանձնացվի բովանդակային կառավարումից: Աշակերտների թվով պայմանավորված ֆինանսավորումից անցում կկատարվի դեպի դասարանների թվով պայմանավորված ֆինանսավորում՝ ավելի քիչ թվով երեխաներով դասարաններ ունենալով և բարձրացնելով կրթության որակը:

Որպես որակական ցուցանիշ՝ սահմանվել է, որ բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները կցուցաբերեն շարունակական աճ՝ գրանցելով միջինից բարձր բավականին հավակնոտ ցուցանիշներ:

Փոխնախարարը կարևորել է նաև արտադպրոցական գործունեությունը՝ նշելով, որ առանձին որակական ցուցանիշներ են սահմանվել երեխաների ստեղծագործական և ֆիզիկական ակտիվություն ենթադրող աշխատանքը և հանրային նշանակություն ունեցող նախագծերի իրականացումը:

Փոխնախարարի՝ ռազմավարության հիմնական ուղղություններն ու թիրախները ներկայացնելուց հետո աշակերտները նախարար Վահրամ Դումանյանին և տեղակալ Ժաննա Անդրեասյանին ուղղել են իրենց հուզող հարցերը թե՛ ռազմավարության, թե՛ առհասարակ կրթության ոլորտի վերաբերյալ: Հարցերը վերաբերել են հիմնականում դպրոցների շենքային և գույքային պայմանների բարելավմանը, «ՆԶՊ» առարկայի դերի բարձրացմանը, հեռավար ուսուցման ցածր արդյունավետությանը և այլն:

Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանն աշակերտներին կոչ է արել անպայման ուսումնասիրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրա վերաբերյալ առաջացած հարցերն ուղղել պատկան մարմնին՝ համագործակցաբար դրանք քննարկելու և համարժեք լուծում տալու նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28