Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ նախկին նախագահի անունից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Մամիջանյանը՝ Եվրանեսթում

Փետրվար 22,2022 13:23

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների՝ Երեւանում ընթացող նիստերի ժամանակ այսօր ելույթ ունեցան նաեւ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների որոշ պատգամավորներ, որոնց ելույթները ներկայացնում ենք ստորեւ․

Արթուր Ղազինյան, «Հայաստան» դաշինք․ «Ադրբեջանը եւ Թուրքիան ահաբեկիչների ներգրավմամբ հանցագործություններ են իրականացրել, սակայն Եվրոպայի կողմից այդպես էլ չեն ենթարկվել պատժամիջոցների։ Այսօր ՀՀ-ն բախվում է բարդ իրավիճակի․ վարակված ենք պոպուլիզմով, բայց դա չի նշանակում, թե չենք կարող խնդիրը լուծել։ Դիմում եմ Ադրբեջանի գործընկերներին․ մի մոռացեք այն պատերազմի ելքի մասին, երբ երկրի գլխին էին իրական լիդերները, ոչ թե պոպուլիստները։ Հայ զինվորները կյանք չեն խնայել, որ պաշտպանեն իրենց երկիրը։ Արցախը եղել է եւ մնալու է հայկական, եւ սա ամեն հայի սուրբ պարտքն է»։

 

Արթուր Խաչատրյան «Հայաստան» դաշինք․ «Ադրբեջանը ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ-ի սուվերենության դեմ է գործել՝ փակելով ՀՀ-ի եւ Արցախի, ՀՀ-ի եւ Իրանի միջեւ ավտոճանապարհները։ Ադրբեջանի ցինիզմը հասավ գագաթնակետին, երբ վերջինիս նախագահը պնդեց, թե արցախյան հակամարտությունը լուծված է։ Ադրբեջանի բոլոր գործողությունները մնում են անպատիժ եւ ոտնահարում միջազգային իրավունքը»։

 

Աննա Գրիգորյան, «Հայաստան» դաշինք․ «Հակամարտությունը լուծված չէ։ Դժվար է խոսել Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության մասին։ Ինչպե՞ս կարող ենք դրա հույսն ունենալ, երբ հայ ռազմագերիները դեռեւս Ադրբեջանում են, երբ Ադրբեջանի կողմից ամեն օր տեսնում ենք հայատյացության դրսեւորումներ։ Մինչ մենք այստեղ նստած ենք, Ադրբեջանն օկուպացրած է պահում ՀՀ տարածքները։ Եվրոպան լռում է, եւ մեզ նման իրավիճակում ավելի դժվար է խնդիրները լուծել։ Թուրքիան սատարեց Ադրբեջանի նախաձեռնած պատերազմին, իսկ ռազմական հանցագործ Ալիեւը շարունակում է պահել մեր քաղաքացիներին։ Ինչի՞ մասին խոսենք, քաղաքական երկխոսությա՞ն։ Եվրոպան պետք է հավասարակշիռ քաղաքական գնահատական հնչեցնի, եթե ուզում է մեր տարածաշրջանում կայունություն պահպանել»։

Հայկ Մամիջանյան, «Պատիվ ունեմ» խմբակցություն․ «Հետաքրքիր մոտեցում ունի խնդրին Ադրբեջանը՝ ուղղակի չնկատել իրավիճակը։ Ադրբեջանը չէ՞ր, որ ահաբեկիչներ բերեց տարածաշրջան, օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածքը․․․կուզեի ՀՀ նախկին նախագահի անունից, ում հետապնդում է հիմա Ադրբեջանը, հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28