Ավերիչ պատերազմից հետո Հայաստանն ընտրեց արտահերթ ընտրությունների եւ ներքաղաքական ճգնաժամային հարցերի լուծման ճանապարհը։ Այս մասին այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների՝ Երեւանում ընթացող նիստերի ժամանակ այսօր Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Մենք խոսում ենք ՀՀ-ում օրենքի գերակայության եւ մեր սահմաններից դուրս խաղաղության ամրապնդման մասին։ Այսինքն, մենք աշխատելու ենք կարճաժամկետ հեռանկարում խնդիրների լուծման ուղղությամբ։ Առաջնահերթ ապաշրջափակելու ենք տարածաշրջանի կոմունիկացիաները՝ ոչ միայն տնտեսական հարցերով, այլեւ անվտանգային։ Երկրորդը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն է եւ սահմանագծումը։ Մենք գտնում ենք, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերը հայելային սկզբունքով պետք է հետ քաշվեն սահմանից»,-նշեց Մարիա Կարապետյանը։
Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը, Կարապետյանը շեշտեց, որ հակամարտությունը լուծված չէ․ «Մենք պատրաստ չենք միջազգային հանրությանը ներքաշել հակամարտության շարունակության մեջ։ Մենք մտադիր ենք միջազգային հանրությանը ներգրավել նրա լուծմանը, որպեսզի հասնենք կայունության տարածաշրջանում։ Հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, կոչ ենք անում վերադարձնել։ Արցախում հումանիտար կազմակերպությունները պետք է անարգել մուտք ունենան, որպեսզի հսկեն մշակութային ժառանգության վիճակը։ Ինչ վերաբերում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ապա այն կարող է ընթանալ՝ անկախ արցախյան հակամարտությունից։ Մենք ողջունում ենք գործընթացը եւ ուզում արդյունք տեսնել։ Դա նշանակում է հայ-թուրքական սահմանը բացել։ Հիշեցնենք, որ Թուրքիան է այն փակել իր կողմից»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ