Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պատվիրակը Երեւանում կրկնում է Բաքվի թեզերը․ «Հակամարտությունն ավարտված է, գերիները՝ վերադարձված»

Փետրվար 22,2022 11:37

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների՝ Երեւանում ընթացող նիստերի ժամանակ այսօր Ադրբեջանից ժամանած պատվիրակներից մեկը կրկնեց պաշտոնական Բաքվի հայտնի թեզերը, մասնավորապես այն, թե արցախյան հակամարտությունն իբրեւ ավարտված է, թե Ադրբեջանում այլեւս չկան հայ ռազմագերիներ։

Ադրբեջանի պատվիրակ Սոլթան Մամադովը նշել է․

«Ընդգծեմ Արեւելյան գործընկերության դերը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ երկխոսության իրականացման համար՝ խաղաղության հասնելու նպատակով, ինչին տարածաշրջանի բոլոր երկրներն են ձգտում։ Դա օգտակար կլինի բոլորին։ Մեր հայ գործընկերները մի շարք հարցեր բարձրաձայնեցին, որոնք ամրագրված են միջազգային փաստաթղթերով։ Մասնավորապես, հակամարտության լուծումը տեղի է ունեցել համապատասխան միջազգային իրավունքին, Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Հակամարտությունն ավարտված է, եւ հիմա մենք նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ունենք տարածաշրջանում, որը սատարում է Եվրոպան, հուսամ՝ մյուս միջազգային կազմակերպությունները եւս։ Հարցերն ուղղված են տարածաշրջանում գործընկերություն եւ խաղաղություն հաստատելուն։

Խոսքս ուղղեմ հայ գործընկերներիս, որոնք, ցավոք, ոչ էթիկական արտահայտություններ են օգտագործել մեր կառավարության հասցեին։ Մեր այցը Հայաստան համարվում է շատ լավ նշան, որ երկրների միջեւ հարաբերություններ հաստատենք։ Ինչ վերաբերում է կալանավորված անձանց եւ մշակութային ժառանգության պահպանության խնդրին, շեշտեմ, որ բոլոր ռազմագերիները վերադարձվել են պատերազմի ավարտից հետո։ Հիմա քննարկումներ ենք անում նրանց առնչությամբ, ովքեր ձերբակալվել էին պատերազմից հետո՝ միջազգային իրավունքի եւ ժամկետների համաձայն։ Էլ չասենք 4000 ադրբեջանցիների մասին, որոնք բռնվեցին եւ ոչնչացվեցին առաջին պատերազմում։ Սա քննարկվել է ԵՄ-ի հետ։ Ադրբեջանը բազմազգ երկիր է, որտեղ տոլերանտության մթնոլորտում հարյուրամյակներով ապրում են տարբեր ազգերի եւ կրոնների ներկայացուցիչներ։ Սա լավագույն երաշխիքն է՝ Ադրբեջանում հայ էթնիկ փոքրամասնությունների վերաինտեգրացիայի համար։ Ժողովուրդներից եւ երկրներից պահանջվում է համագործակցություն եւ երկխոսություն։ Մենք աշխարհին առաջարկում ենք մեր տարածաշրջանում զարգացում, խաղաղություն։

Քանի որ հակամարտությունն ավարտված է, Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել իրականացնել ՀՀ-ի հետ սահմանազատում։ Շատ ուրախ եմ շեշտել ՀՀ-ի կողմից մի շարք դրական ազդակների մասին՝ սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ։ Մինսկի խումբը պետք է ծառայի տարածաշրջանում կայունության հաստատմանը, որպեսզի մեր երկրների միջեւ խաղաղության համաձայնագիր ստորագրվի։ Ադրբեջանը բացահայտ դիրքորոշում է ցուցաբերում, որպեսզի տարածաշրջանում վերջ դնի բոլոր կոնֆլիկտներին։

Մեր հայ գործընկերները մշակութային ժառանգության հետ կապված խնդիրներ բարձրաձայնեցին։ Խնդիր, որն առկա է տարիներով։ Մենք հրավիրում ենք միջազգային հանրությանը մասնակցություն ունենալ այս խնդրում, որպեսզի բոլոր կրոնական հուշարձանները պահպանվեն եւ վերականգնվեն։ Գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որ տարածաշրջանում հարգվի բազմակրոնությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28