Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Սուլեյման Դեմիրելը եւ Մեւսութ Յըլմազը 1996 թվականին Հայաստանին օդային միջանցք տրամադրեցին. Հրանտ Բագրատյան

Փետրվար 22,2022 11:21

«Արցախի զարգացման հարցում մեր դիրքորոշումը նույնն է. մշտապես ասել եմ, որ այն իշխանությունը, որն իր թիկունքում չի զգում ընդդիմության շնչառությունը, նա տապալված իշխանություն է, չի կարող իր երկրում զարգացում ապահովի»,-ԱՀ խորհրդարանում, Հայաստանից ժամանած մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը։

Խոսելով Արցախի հարցի կարգավորման հետագա ընթացքի մասին, ԱՀ նախագահը հայտարարեց, որ հարցի լուծման միակ մանդատը շարունակում է ունենալ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին հավանություն են տվել պաշտոնական Երեւանը, Ստեփանակերտը եւ Բաքուն. «Չնայած նրան, Բաքուն հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է գնա թոշակի, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը կա, խմբի գործունեությունը պետք է պահպանվի։ Ասում է՝ Արցախի հարցը լուծված է, եթե լուծել ես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս արի: Այս մանդատը կա, պետք է պահպանվի: Այսօր Արցախում լռություն է, խաղաղություն չէ, խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Արցախի հարցը ստանա քաղաքական լուծում։ Իսկ ո՞վ պետք է տա այդ լուծումը՝ բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մենք այսօր պետք է առաջարկենք այն, ինչ առաջարկել են ադրբեջանցիները 1994 թվականի մայիսի 12-ից հետո՝ հողերի վերադարձ, փախստականների վերադարձ, հողերի դեօկուպացիան մենք, ի դեպ, օրենքով արդեն ընդունել ենք: Մենք մի բան էլ ունենք՝ մշակութային ցեղասպանության հարց։ Այն քայլերը, որոնք Ադրբեջանն արել է Նախիջեւանում, այսօր անում է օկուպացված տարածքներում, որտեղ հայեր չեն ապրում»,- ասաց Արթուր Թովմասյանը։

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ Արցախի հարցի լուծման հետեւյալ ճանապարհն է տեսնում. «Այստեղ խաղացողները երկուսն են՝ ՌԴ-ն եւ Թուրքիան: Մենք կարող ենք տարբեր դատողություններ անել ռուսական պետության, ռուսական կայսրության մասին, բայց մենք նախեւառաջ պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները ամրապնդենք, մենք պետք է հասկանանք՝ քաղաքականապես ի՞նչ է ուզում ՌԴ-ն: Երկրորդ՝ վաղ, թե ուշ՝ ՌԴ-ն եւ Թուրքիան պետք է հակասության մեջ մտնեն՝ ուզեն, թե՝ ոչ: Այդ դեպքում, երկուսն էլ դիմելու են մեզ: Մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք եւ անենք այն, ինչ պետք է մեզ համար: Մենք, իհարկե, խառնակիչ չպետք է լինենք, որ կռվացնենք թուրքերին եւ ռուսներին, բայց մեզ հնարավորություն է գալու, որովհետեւ մեծանալու է այն քաղաքական ուժը, որը փորձելու է սահմանափակել թուրքերի եւ թյուրքերի ազդեցությունը տարածաշրջանում: Սա է մեր խնդիրը»:

Հրանտ Բագրատյանը խոսեց նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ՀՀ իշխանության սկսած գործընթացից: Նրա կարծիքով, խոստացվող տնտեսական պայմանները պահանջելու են զիջումներ, որոնք ցավոտ իրականություն կարող են բերել՝ ընդհուպ մինչեւ պետականության կորուստ: Հրանտ Բագրատյանը հիշեց Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի եւ վարչապետ Մեւսութ Յըլմազի հետ 1996 թվականի հունիսի 16-ին, Դոլմա Բախչեում յոթ ժամ տեւած բանակցությունները, որոնց արդյունքում Թուրքիան Հայաստանին օդային միջանցք տրամադրեց. «Դեմիրելն ասում էր՝ հնարավոր չի, դուք օկուպացրել եք, մեր ադրբեջանցի եղբայրները…եւ նույնիսկ խոսակցությունը մեկ-մեկ շատ կոշտ էր անցնում, բայց․․․ եղել է․․․Մենք էլ համաձայնեցինք, որ մեր տարածքով իրենք թռնեն: Այսպիսի բաներ կարող են լինել, բայց իրենց հետ շատ դժվար է: Ավելին, իրենք մտածում են՝ կպեք մեզ, մի տեղ, մի գավառի կարգավիճակ կտանք՝ կապրես, էլի: Բացատրել էի ես այդ մարդուն՝ մենք մեր հպարտությունն ունեք, գիր ունենք, գրականություն ունենք, բարեբախտաբար, մտավորական մարդ էր, հասկացել էր: Մեւսութ Յըլմազն այդ բանն արեց, որովհետեւ նրա մայրը հայր էր, Դեմիրելին ասաց՝ ես պիտի բացեմ, իմ մայրը հայ է, ես ամաչում եմ սրա համար: Հետո էլ պիտի Մարգարան բացեր, ես գնացի Մարգարան սարքեցի, ինքը իրենց կողմից սարքեց, հետո Յըլմազը զանգեց՝ ասաց՝ չի բացվի. Յըլմազի վրա գործ բացեցին, իբրեւ կաշառակեր է եւ հեռացրին վարչապետի պաշտոնից»: Օդային այդ միջանցքը կոչվում է Բ-58:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ նկատեց, որ Արցախի հարցի կարգավորման առումով խառնաշփոթ կա եւ մինչ այսօր հայությունը միասնական դիրքորոշում չի ձեւավորել: Նա խոսեց Արցախի կարգավորման հարցի իրավական ճանապարհի մասին, որն առաջարկում է մտավորականների խորհուրդը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Մեւսութ Յըլմազն ու Սուլեյման Դեմիրելը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28