Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կարող էր քաղաքական մակարդակով դատապարտել Ադրբեջանի կողմից այս պատերազմական հանցագործության կատարումը». Սիրանուշ Սահակյան. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 22,2022 10:42

Ռազմագերիների վերադարձի ձգձգումը համարվում է պատերազմական հանցագործություն։ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից բավականին ժամանակ է անցել, սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի դրույթները՝ միաժամանակ չկատարելով գերիների մասով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Արդյունքում առայսօր հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ քաղաքական եւ հանրային օրակարգերում։ Այս ուղղությամբ տեղի ունեցող իրավաքաղաքական զարգացումների, միջազգային դատարաններում ընթացող գործընթացների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

Միջազգային դատական ատյաններում ձեւական առումով գործերը վարույթ են ընդունված, գործընթացը սկսված է։ Հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը եւ գործերի քննության միջին տեւողությունը, դեռ ամիսներ կպահանջվեն բուն գրավոր դատաքննությանն անցնելը։ «Իհարկե, այդ գործերին դատարանը տվել է առաջնահերթություն, եւ եթե այլ համանման դեպքերում գործերի քննության տեւողությունը կարող էր տեւել 5-7 տարի, ապա մեր պարագայում ակնկալում ենք, որ մինչեւ 3 տարվա ընթացքում կունենանք արդեն վերջնական դատական ակտեր»,- նշեց զրուցակիցս։

Ադրբեջանի նման հանցագործ կեցվածքը հաշվի առնելով եւ միջազգային քաղաքական օրակարգում խնդրին ավելի լայն հնչեղություն տալու նպատակով, իրավապաշտպանն ընդգծեց հայկական կողմի որոշ քայլերի անհրաժեշտության մասին. «Հայաստանը կարող էր ակտիվություն ցուցաբերել եւ քաղաքական մակարդակով դատապարտել այս պատերազմական հանցագործության կատարումը, որպեսզի գործընկեր երկրները Բաքվի բարձր քաղաքական, ռազմական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդման սպառնալիքներ ստեղծեին։ Սա ավելի կոշտ ճնշման գործիք կլիներ, քան ընդհանրական ձեւով դատապարտող կոչերը կամ ազատ արձակելու հորդորները»։

Գերիների թեման բավականին զգայուն հարց է հանրային գիտակցության համար. մեր կողքին են ապրում հայրենակիցները, որոնց զավակները, ամուսինները կամ հարազատները հայտնվել են նման կարգավիճակում։ Ինչպե՞ս պետք է արձագանքել այս թեմային՝ անհատից մինչեւ լրագրող, հանրային ու քաղաքական գործիչ, որպեսզի վնաս չհասցվի ներկայումս գերեվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին եւ այն աշխատանքին, որն իրականացվում է փաստաբանների կողմից։ Սահակյանը նշեց, որ ցանկալի կլիներ, որ շատ անհատականացնող տեղեկությունները լայն քննարկման առարկա չդառնային, քանի որ դրանք հետագայում խոչընդոտում են անձանց իրավունքների իրացմանը տարբեր իրադրություններում եւ հանգամանքներում։

Իրավապաշտպանը մտահոգիչ համարեց, որ լինում են դեպքեր, երբ հրապարակայնորեն ձեւախեղում են պատմությունները, ինչն ազդում է միջազգային գործընթացների վրա։ Օրինակ՝ դրական լույսի ներքո են ներկայացնում Ադրբեջանում իրենց հանդեպ վերաբերմունքը, դրանով ցանկանում են ցույց տալ, թե հաղթահարել են դժվարությունները, եւ ոչինչ չի կոտրել իրենց։ «Այդ ամենի արդյունքում խեղաթյուրվում են իրականությունը, փաստերը, եւ այստեղ լրագրողները պետք է զգուշավոր լինեն, որպեսզի ապացուցողական նշանակություն ունեցող պատմություններն առանց լրացուցիչ ստուգողական գործողությունների չհանրայնացվեն։ Դրանք վերլուծվում եւ օգտագործվում են նաեւ ադրբեջանցիների կողմից»,- ընդգծեց Սահակյանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28