Մինչ Ուկրաինան եռում է, մի՛ մոռացեք տարածաշրջանի մյուս մեծ հակամարտության մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. պատերազմը Լեռնային Ղարաբաղում (ԼՂ), որի հետևանքով հազարավոր զոհեր եղան, ավարտին չհասցրեց տարածաշրջանում ամենաերկար տևող հակամարտությունը:
2020թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությամբ պայմանավորված՝ ռազմական ակտիվ գործողությունները հիմնականում դադարել են:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած երեք հանդիպումները, որոնցից երկուսը եղել են Եվրոպական միության (ԵՄ) միջնորդությամբ, համեստ արդյունքներ են տվել :
Կարդացեք նաև
Իրավիճակը, սակայն, հեռու է խաղաղությունից: Ի հավելումն զինված խոշոր ընդհարումների, որոնց վկան դարձանք 2021թ. նոյեմբերի 16-ին և 2022թ. հունվարի 12-ին, շարունակում ենք նաև բազմաթիվ տեղային ընդհարումների ականատեսը լինել:
44-օրյա պատերազմը էապես փոխել է աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում: Նախ` Թուրքիայի ակտիվ դերակատարությունը հակամարտության ընթացքում և Ադրբեջանին տրամադրած աջակցությունը, այդ թվում՝ սիրիացի վարձկաններ հավաքագրելու միջոցով, էապես մեծացրել է Անկարայի ազդեցությունը տարածաշրջանում:
Երկրորդ, ԼՂ հակամարտության կարգավորման ինստիտուցիոնալ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն անտեսվել է: Սեփական հաղթանակից ոգևորված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված է, և հրաժարվում է Մինսկի խմբի հետ հետագա համագործակցությունից:
Հարց է առաջանում․ իսկ ի՞նչ տեղի կունենա ԼՂ հայ բնակչության հետ, երբ մոտ չորս տարի անց ավարտվի ռուս խաղաղապահների առաքելությունը: Նկատի ունենալով պատերազմի ընթացքում փաստագրված վայրագությունները, Ադրբեջանում պետականորեն հովանավորվող հայատյացությունը և հետպատերազմյան միջադեպերը, որոնց թիրախում հայազգի բնակչությունն է` առկա է ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների իրական վտանգ:
Պատերազմի լրջագույն հետևանքներից մեկն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո սահմանների փոփոխությունն է:
Զինված ուժերի միջև շփման գիծն այնքան է մոտեցել, որ որոշ վայրերում այն ընդամենը քանի հարյուր մետր է: Այս իրավիճակը լուրջ ազդեցություն է ունեցել տեղական համայնքների իրավունքների և կենսագոյության վրա: Դեպքեր են եղել, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչներին գերեվարել են, այրել են նրանց մշակած դաշտերը, գողացել են նրանց անասունները:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած վերջին երեք հանդիպումները, որոնցից երկուսը եղել են ԵՄ միջնորդությամբ, համեստ արդյունք են տվել:
Այս հանդիպումների արդյունքներից մեկը սահմանային ընդհարումները կանխելու համար ուղիղ կապն է երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև:
Երկու պետությունները նաև համաձայնել են քայլել ձեռնարկել երկաթուղային հաղորդակցությունն ապաշրջափակելու ուղղությամբ: Ամենակարևոր խնդիրներից մեկը՝ սահմանազատման հարցը, շարունակում է մնալ չլուծված: Ռուսաստանն առաջարկել է իր գլխավորությամբ հանձնաժողով ստեղծել, սակայն առաջընթաց դեռևս չկա:
Ուկրաինայի պայթունավտանգ իրավիճակը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ Կովկասի համար` ընդհուպ մինչև նոր հակամարտության սկիզբ: Չնայած նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի միջև անձնական բարեկամության` Ռուսաստանին ավելի ու ավելի է անհանգստացնում Թուրքիայի դիրքորոշումը՝ Ղրիմի և Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու հարցերում:
Վերջերս լարվածության որոշ դեպքեր են եղել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, մասնավորապես` ԼՂ-ում ռուսական խաղաղապահների առաքելության շուրջ: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախկին գործողությունները չեն արժանացել համապատասխան դատապարտման, վերջիններս կրկին հակված են լինելու ուժ գործադրելու։
Այս իրավիճակում անհրաժեշտ է ԵՄ-ի ավելի մեծ մասնակցություն, մասնավորապես՝ հետևյալ երեք ոլորտներում:
Վերադարձը Մինսկի խմբին
Չափազանց կարևոր է ստիպել Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ ու ռազմատենչ մոտեցումից և վերադառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Պետք է նաև լինի հստակ ազդակ, որ ուժի կիրառումն անընդունելի տարբերակ է և հանգեցնելու է համարժեք հետևանքների: Ստատուս քվոն արմատապես փոխվել է և այլևս հնարավոր չէ երկու կողմերին համարել հակամարտության հավասար կողմեր, քանի որ Հայաստանը ենթարկվում է ագրեսիայի:
Երկրորդ` ԵՄ-ը կարող է պարտադրել սահմանի երկայնքով մշտադիտարկման առաքելություն և աջակցել դրա իրականացմանը: ԵՄ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) քաղաքացիական առաքելությունը մի գործիք է, որը ԵՄ-ը գործարկել է նմանօրինակ իրավիճակներում, և այն կարող է մեծ նշանակություն ունենալ տեղում իրավիճակը կայունացնելու հարցում:
Նման առաքելությունը կարող է հնարավոր դարձնել ապառազմականացված գոտու ձևավորումը, ինչը նպաստավոր միջավայր կստեղծի սահմանազատման գործընթացի համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ ԵՄ-ը հնարավորինս հրատապ առաջ մղի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը իդեալական տարբերակում պետք է իրականացվի ԵԱՀԿ հովանու տակ:
Ի վերջո, շատ կարևոր է վճռական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ և բարձրացնել Ադրբեջանում պետական հովանավորությամբ իրականացվող ատելության խոսքի խնդիրը:
Թեև բազմաթիվ հայտարարություններ են հնչել, որոնք կոչ են անում Ադրբեջանին վերադարձնել ռազմագերիներին, Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է վերջիններիս պահել գերության մեջ:
Ավելի վաղ այս ամիս Ադրբեջանը հայտարարել է հայկական ժառանգության հետքերը, այդ թվում` հայկական եկեղեցիներից արձանագրությունները ջնջելու ծրագրերի մասին, ինչն արժանացել էր բուռն բողոքի ալիքի: Իրավիճակը պահանջում է ավելի կտրուկ միջոցներ, այդ թվում` առանձին թիրախային պատժամիջոցների կիրառում, ինչպես նաև օգնության տրամադրման նախապայմանների սահմանում, մասնավորապես՝ հաշվի առնելով ԵՄ-ի վերջերս սահմանած 2 միլիարդ եվրո օգնության փաթեթը:
ԵՄ-ն ունի իրավիճակը փոխելու գործիքներ․ այժմ անհրաժեշտ է կամք դրսևորել:
Դավիթ ԱՄԻՐՅԱՆ
Դավիթ Ամիրյանը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի փոխտնօրենն է:
Հոդվածում արտահայտված տեսակետերն արտացոլում են հեղինակի, ոչ թե EUobserver-ի կարծիքը:
Խմբագրական սյունակի սկզբնաղբյուր` euobserver.com