Ենթադրենք, որ սահմանները բացվում են, արդյոք ճանապարհների ապաշրջափակման օգուտները չափազանցվա՞ծ չեն։ Այս հարցում մի քանի ակնհայտ իրողությունների հետ չենք կարող հաշվի չնստել։ Առաջին հերթին՝ որևէ երաշխիք կա՞, որ հայկական ապրանքները Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքով տեղ կհասնեն: Այդպիսի երաշխիք չկա և չի կարող լինել։ Հաջորդը՝ Ադրբեջանով անցնող երկաթուղու շահագործման արդյունքում բացվող հնարավորություններն արդյոք չափազանցվա՞ծ չեն։ Նկատի ունենանք, որ Հայաստանին կապող երկաթուղային հաղորդակցության ուղին պետք է նախ հասնի Բաքու, ապա այնտեղից շարժվի դեպի Ռուսաստան։
Այսինքն՝ ճանապարհը էականորեն երկարում է։ Եվ ուշագրավ է, որ այս հարցին անդրադարձավ նաև երկրորդ նախագահն իր ասուլիսի ընթացքում՝ այս իշխանությունները գոնե քարտեզին նայե՞լ են, թե՞ ոչ։ Մյուսը՝ արդյոք հաշվարկներ արվե՞լ են այն ուղղությամբ, որ հնարավոր է՝ Վրաստանով անցնող ավտոճանապարհային ուղին ավելի ձեռնտու լինի, այլ հարց է, որ իշխանություններն ի վիճակի չեն Լարսին այլընտրանք հանդիսացող ուղի գործարկել։ Դեռևս 2019 թվականին ներդրումային բիզնես համաժողովներից մեկի ժամանակ Փաշինյանը նշում էր, թե ինքը Լարսի այլընտրանքի վրա հույս չի դնում։ Վերջապես՝ Երևանից դեպի Մեղրի Նախիջևանով անցնող ճանապարհի գործարկման պարագայում արդյոք Սյունիքը չի՞ կորցնի իր հաղորդակցային ռազմավարական նշանակությունը, քանի որ այդ մարզով անցնող ճանապարհները կարող են դառնալ ոչ նպատակահարմար. առանց այդ էլ պատերազմից հետո կառավարությունն ի վիճակի չի եղել Սյունիքով անցնող լիարժեք ենթակառուցվածքներով հագեցած ճանապարհի հարցը լուծել։
Դրա արդյունքում «նպաստավոր» պայմաններ կարող են ստեղծվել, որ անվտանգային առումով չափազանց բարդ վիճակում գտնվող Սյունիքը մեկուսանա ու ավելի դատարկվի։ Մյուս կողմից էլ՝ այդպիսով Սյունիքը դուրս կմնա գլխավոր տարածաշրջանային նախագծերի շրջանակներից։ Այս ու բազմաթիվ այլ հանգամանքները հաշվի առնելով՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունների պատկերացրած ապաշրջափակումն ավելի շատ Թուրքիային ու Ադրբեջանին է ձեռնտու։ Հակառակ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է այդքան համառորեն ձգտեին Սյունիքով ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան։ Իսկ հակառակորդի կողմից հնչող մի շարք հայտարարություններ ուղղակի տարակուսանքի տեղիք են տալիս։
Օրինակ՝ Ալիևը վերջերս հայտարարեց, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» էլեկտրաէներգիա են տեղափոխելու Նախիջևան, այնտեղից էլ արտահանելու են արտասահման։ Սակայն այս հայտարարությունը որևէ ձևով արձագանք չի ստանում հայկական կողմից։ Արդյո՞ք գործող իշխանությունները նման համաձայնություն տվել են, կերևա առաջիկայում, բայց որ նրանք ստվերային պայմանավորվածությունների մեծ վարպետներ են, դրանում վաղուց ենք համոզվել։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։