Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գտնում է, որ խաղաղության պայմանագիրը, որի մասին խոսում են Հայաստանի իշխանությունները, պետք չէ կապել Արցախի խնդրի հետ: Այդ մասին նա ասաց Հայաստանից ժամանած մտավորականների խմբի հետ հանդիպման ժամանակ:
Աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս համատեքստում, հայկական պետությունների համար խաղաղության դարաշրջանը նա ուղղակիորեն պայմանավորում է Ռուսաստանի հետ հարաբերություններով:
Ուկրաինայի շուրջ լարվածության աճը եւ զարգացումների անհստակությունը, ըստ ԱՀ նախագահի, հայկական պետություններին պարտադրում է զգոն լինել, քանի որ իրադարձությունները կարող են տարբեր սցենարներով զարգանալ, այդ թվում` նաեւ չի բացառվում ռազմական սցենարը, ինչը իր անդրադարձն է ունենալու նաեւ մեր տարածաշրջանում:
44-օրյա պատերազմի արդյունքում, հայկական պետություններն ավելի մեծ խնդիրների առջեւ են կանգնել՝ թե կրած կորուստների, այդ թվում նաեւ ռազմատեխնիկական, թե սահմանների ամրության առումով, ուստի, պետք է պատրաստ լինել անգամ վատագույն զարգացումներին դիմակայելու, մանավանդ, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ զարգացնել իր ռազմական հնարավորությունները:
Կարդացեք նաև
Ելնելով այս իրողություններից, ԱՀ նախագահի համոզմամբ, ՌԴ-ի հետ Հայաստանի եւ Արցախի հարաբերությունները պետք է հնարավորինս սերտացնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային