Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործելակերպի նմանություններն ու տարբերությունները

Փետրվար 22,2022 10:00

Ինչպես եւ սպասվում էր` Ուկրաինայի շուրջ լարվածությունն աճում է: Զուգահեռաբար սրվում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հակասությունները՝ առայժմ նշաններ չկան, որ կողմերը պատրաստ են այս հարցերում փոխադարձ զիջումներ անելու: Ուկրաինական բանակի ակտիվացումը Դոնբասում, եւ Կրեմլի հայտարարությունը՝ Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին, այդ էսկալացիայի հերթական քայլերն են` հեռու գնացող աշխարհաքաղաքական հետեւանքներով: Այդ ամենն ուղեկցվում է քարոզչական պատերազմով՝ իր ողջ գործիքակազմով՝ կեղծ լուրերից մինչեւ կոպիտ վիրավորանքներ:

Քարոզչությունը պարտավոր է լինել պարզունակ, կացնային, երեւույթի մեջ որեւէ երանգ, առավել եւս՝ տարբեր կողմեր չտեսնող, քանի որ նախատեսված է զանգվածների համար: Դրա ազդեցության տակ են ընկնում համապատասխան ուղեղ ունեցող մարդիկ, որոնք, երկու կողմերից էլ մեծամասնություն են կազմում: (Ի դեպ, Հայաստանում էլ շատերը, գտնվելով այդ քարոզչության ազդեցության տակ, շտապում են դիրքորոշում հայտնել՝ անվերապահորեն պաշտպանելով այս կամ այն կողմը):

Կան, այնուամենայնիվ, որոշակի հատկանիշներ, որոնք տարբեր ձեւով են բնութագրում «հակամարտող կողմերը»՝ մոտիվացիայի եւ գործելակերպի առումով: Առաջինն այն է, որ «ամերիկյան քարոզչություն»՝ որպես միասնական երեւույթ, գոյություն չունի. ԱՄՆ-ում չկա «իշխանական խոսափողերի» մենաշնորհ՝ խոշորագույն լրատվամիջոցները պարտադրված չեն վերարտադրել պաշտոնական տեսակետները:

Մինչդեռ Ռուսաստանում դաշնային հեռուստաալիքները զբաղված են նույն տեսակետների կացնային քարոզչությամբ: Դրանք, կարելի է ասել, 1970-ականների «Պրավդա» թերթի հեռուստատեսային տարբերակներ են:  Ընդ որում, թեեւ դա հիշեցնում է «սառը պատերազմի» ժամանակաշրջանի խորհրդային քարոզչությունը, այնուամենայնիվ, աչքի է զարնում այն ժամանակվա խորհրդային քարոզիչների (օրինակ, Յուրի Ժուկովի կամ Վալենտին Զորինի) ավելի բարձր մտավոր մակարդակը եւ ավելի լայն մտահորիզոնը՝ ռուսաստանյան այսօրվա «հայրենասիրական լրագրության» ներկայացուցիչների հետ համեմատ:

Երկրորդ տարբերությունն ավելի խորքային է. շարքային ամերիկացիներին Ուկրաինայի հետ կապված խնդիրներն առանձնապես չեն հուզում: Շարքային ռուսաստանցիների համար այդ բոլոր իրադարձությունները (Ղրիմի, իսկ հիմա արդեն՝ նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի «նվաճումը») ունեն սկզբունքային նշանակություն՝ դա իրենց երկրի հզորության, կայսրական զգացմունքների, ինքնահաստատման բաղադրիչներից է: Արտաքին եւ ներքին թշնամիներ ունենալն այս դեպքում ազգային ինքնության կարեւոր տարր է: Նման ձեւով ուկրաինացիների համար ռուսներին հակադրվելն ազգաշինության կարեւոր մասն է:

Եվ վերջապես. Միացյալ Նահանգները (ինչպես եւ ժամանակին Խորհրդային Միությունը) աշխարհում ունի բազմաթիվ դաշնակիցներ: Ռուսաստանի դաշնակիցների թիվը բավականին սահմանափակ է, եւ այդ երկիրն օգտվում է բոլոր հնարավորություններից՝ ինչ-որ մեկին «դաշնակից» հայտարարելու համար: Այսօր, օրինակ, «դաշնակից» է հռչակվել Ադրբեջանը: Այսպիսով, Ռուսաստանն ունի երկու դաշնակից, որոնցից մեկը մյուսի երկու նախկին ղեկավարների նկատմամբ «միջազգային հետախուզում» է հայտարարել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    “Այսպիսով, Ռուսաստանն ունի երկու դաշնակից, որոնցից մեկը մյուսի երկու նախկին ղեկավարների նկատմամբ «միջազգային հետախուզում» է հայտարարել:”

    Սրտանց շնորհավորում եմ մեծարգո պարոն ազգակործան պատուհասին ու իր ռուսատյաց հաճախորդներին՝ լուսավոր-դասականներով, սյամոներով, արամզավենիներով, բաբաջներով ու ծռաթրքական բեւեռներով հանդերձ: Սա հրաշալի նվեր է իրենց կիրթ ու կառուցողական ընկերոջից, կարելի է արդեն հանգիստ ձերբակալել այդ թալանչիներին ու դատել որպես միջազգային հանցագործների: Լեոնանիկոլական զանգվածը կարող է արդեն ցնծալ, չէ որ նրանց հիմնական թիրախը եղել եւ մնում է Քոչարյանը. հենց նրան են թրքասեր «աբիժնիկները» տասնամյակներ շարունակ ամեն կերպ պախարակել, հենց նրա վրա են մշտապես լցրել իրենց սեւ քարոզչական աղբը: Եւ նրանց հասկանալ կարելի է. Քոչարյանը իրոք կրկնակի «հանցանք» է գործել՝ թույլ չտալով «խաղաղության դարաշրջանի բացումը» 1998-ին եւ 2008-ին: Իսկ ահա 2018-ին թրքահպատակները վերջապես գտան թույլ օղակը, մերժեցին թարս բուսնածին եւ իհարկե անմիջապես հիշեցին միակ տղամարդուն՝ ալիեւի եւ իրենց թիվ մեկ թշնամուն…

  2. Լավատես says:

    Մաթեմատիկոսների համար աքսիոմները կամ էլ ֆիզիկոսների համար պոստուլատները այն կարմիր գծերն են, որոնց շուրջ նրանք նախապես պայմանավորվում են առանց պայմանի կամ ապացույցի, միայն հավատի վրա հիմնված եւ երբ նրանք վիճաբանում են իրենց գիտական խնդիրների շուրջ, նրանք երբեք չեն անցնում այդ կարմիր գծերը: Հետո գիտությունը նոր խնդիրներ է դնում գիտնականների դիմաց, որոնց լուծումը հնարավոր չէ գործող կարմիր գծերի սահմաններում եւ նրանք նոր աքսիոմներ ու պոստուլատներ են առաջարկում, որոնք ոչ միայն թույլ են տալիս լուծել կուտակված խնդիրները, այլեւ իրենց մեջ ընդգրկում են նախկին կարմիր գծերը որպես մասնավոր դեպք: Նման կարմիր գծեր ունեն յուրաքանչյուր գիտություն կամ կրոն:
    Քաղաքագիտությունը նույնպես գիտություն է, դիվանագիտությունը նույնպես գիտություն է, որոնք ունեն իրենց մասնագիտական պոստուլատները, որոնց ենթարկվում են բոլոր երկրների ու ազգերի դիվանագետները, դիվանագետները երբ որոշում կամ համաձայնություն են կայացնում, այդ որոշում համաձայնությունը չպետք է հակասի իրենց մասնագիտական պոստուլատներին: Երբ ասում ենք ազգային գաղափարախոսություն, ի նկատի ունենք հենց ազգային պոստուլատները, դոգմատները, որոնք ամբողջ հայ ազգով ընդունում ենք բոլոր հայերով առանց բացառության առանց նախապայմանի եւ առանց ապացույցների, միայն հավատով, սա էլ հենց հայ կրոնի դոգմատները պետք է կազմեն: Մեր ներքին թե արտաքին քաղաքականությունը չպետք է հակասի ազգային գաղափարախոսությանը եւ երբ դառնանք ազգային գաղափարախոսության պաշտպան զինվորն ու առաքյալը, կդառնանք քաղաքակրթություն: Ո՞րն է այն կարմիր գծերի բազմությունը, որը Հայ է նշանակում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28